НАЦИОНАЛЬНАЯ БИБЛИОТЕКА АРМЕНИИ

Звоните

Սեմինար-խորհրդակցություն Հայաստանի ազգային գրադարանում

ноя 18, 2024 Новости

Սեմինար. ԱՆՆա Չուլյան.
 

Նոյեմբերի 15-ին Հայաստանի ազգային գրադարանի նախաձեռնությամբ սեմինար-խորհրդակցություն անցկացվեց հայկական ամենամեծ էլեկտրոնային գրացուցակի՝ Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակի կազմմանը մասնակից գրադարանների աշխատողների համար։ Միաժամանակ առերես և առցանց կազմակերպված սեմինարի աշխատանքին մասնակցում էին Մատենադարանի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական, ՀՀ ԳԱԱ հիմնարար, Երևանի պետական բժշկական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, բոլոր մարզային գրադարանների աշխատողները։

Խորհրդակցությունը վարեց Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։ Ներկայում համահավաք գրացուցակում կա ավելի քան 1,5 միլիոն մատենագիտական գրառում, որից շուրջ 1 միլիոնը մուտքագրել են Ազգային գրադարանի աշխատակիցները։

Էլեկտրոնային գրացուցակը գործում է ավելի քան երկու տասնամյակ, որի կազմմանը մասնակցում են մեր երկրի երկու տասնյակ հանրային, գիտական, բուհական և մարզային գրադարաններ։ Բնականաբար, նման ծավալի աշխատանքի մեջ կարող են բացթողումներ և սխալներ լինել։ Ներկա սեմինար-խորհրդակցության հրավիրման նպատակը աշխատանքների համակարգման հստակեցումն էր, մատենագիտական գրառումների միասնականացումը, սխալները արագ շտկելու մեխանիզմների ստեղծումը և այլն։

Նիստերի սրահ. սեմինար. Աննա Չուլյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ 2024-ի հունվարին նոր սերվեր է գործարկվել, և համահավաք գրացուցակը տեղափոխվել է շատ ավելի արագագործ տիրույթ։ 2024 թվականին Շիրակի մարզային գրադարանը սկսել է ընթերցողների էլեկտրոնային սպասարկումը։ 2025-ին ընթերցողների էլեկտրոնային գրանցում և սպասարկում կներդրվի նաև Արմավիրի մարզային գրադարանում։ Առաջիկայում նախատեսվում է ԿՈՀԱ գրադարանային գործընթացների կառավարման համակարգը ներդնել ԿԳՄՍ նախարարության ենթակա բոլոր 12 գրադարաններում։

Խորհրդակցությունն արդյունավետ էր։ Այսուհետև պարբերաբար կկազմակերպվեն նման խորհրդակցություններ։ Հայաստանյան գրադարանների համատեղ աշխատանքի պտուղը՝ https://armunicat.nla.am/ -ը, Հայաստանի գրադարանների կողմից XXI դարում ստեղծված ամենաարժեքավոր և օգտակար տեղեկատվական շտեմարաններից մեկն է։