Звоните
апр 30, 2026 Мероприятия

Հայաստանի ազգային գրադարանում Ակտուալ արվեստ հրատարակչություն /actual art publishing house հետ համագործակցությամբ տեղի ունեցավ հայկական ծագումով ֆրանսիական արտահայտչությամբ գրող և վիզուալ նկարիչ Դընի Դոնիկյանի «Լինել, թե չլինել ծնված…» (Être né ou ne pas l’être) գրքի շնորհանդեսը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեց Դոնիկյանի աֆորիզմների ժողովածուն, որտեղ մի քանի տողով ձևակերպված մտքերը բացում են կյանքի, ինքնության և գոյության բազմաշերտ ընկալումները։
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն իր խոսքում անդրադարձավ նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կայացած հանդիպմանը. Դընի Դոնիկյանի անձնական արխիվը՝ գրքեր, ալբոմներ, ձեռագրեր, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Ֆրանսիայից տեղափոխվել են Հայաստան և հանձնվել Ազգային գրադարանին։ Նյութերը մեկշաբաթյա ցուցադրությամբ ներկայացվել են գրադարանում, իսկ ցուցադրությունից հետո Դընի Դոնիկյանի ձեռագրերը և մի շարք նյութեր փոխանցվել են Ե.Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանին։
Գրքի խմբագիր Գայանե Մկրտչյանը ներկայացրեց ժողովածուի ստեղծման ընթացքը՝ նշելով, որ գիրքը կազմվել է երկարատև և մանրակրկիտ աշխատանքի արդյունքում՝ պահպանելով հեղինակի խոսքի հակիրճությունը։ Նրա խոսքով՝ 939 աֆորիզմների ընտրությունը և կառուցվածքը փորձել են հնարավորինս ամբողջական ներկայացնել Դոնիկյանի աշխարհայացքը, որտեղ համադրվում են ինքնության, մարդու գոյության և ժամանակի մասին դիտարկումները։ Խմբագիրը ընդգծեց նաև, որ գիրքը ոչ միայն գրական ժողովածու է, այլև մտածողության ձև՝ ընթերցողին հրավիրելով դանդաղ ընթերցման և խորքային անդրադարձի։
Թարգմանիչ Լուսինե Մուսախանյանը խոսեց ֆրանսերենից հայերեն թարգմանության առանձնահատկությունների և դժվարությունների մասին՝ հատկապես ընդգծելով, որ աֆորիզմների թարգմանությունը պահանջում է ոչ միայն լեզվական ճշգրտություն, այլև մտքի, ենթատեքստերի և հաճախ բազմաշերտ իմաստների հնարավորինս հավատարիմ փոխանցում։ Նրա խոսքով՝ կարևոր է պահպանել նաև աֆորիզմի ձևային հակիրճությունն ու արտահայտչական լիցքը, ինչը թարգմանչից պահանջում է ստեղծագործական զգոնություն և ճկունություն։
Միջոցառման ավարտին, ներկաների նախընտրությամբ և պատահականության սկզբունքով, ընթերցվեցին Դընի Դոնիկյանի ստեղծագործություններից հատվածներ, որոնք դարձան հանդիպման գեղեցիկ և խորհրդանշական ավարտը։
