Звоните
окт 16, 2025 Новости
«Հիշողության ինստիտուտներ, գիրք և ընթերցանություն տեղեկատվական հասարակությունում» միջազգային գիտաժողովը Ղրղզական Հանրապետության ազգային պատմության թանգարանի 100-ամյակին նվիրված՝ «Հիշողության ինստիտուտներ, գիրք և ընթերցանություն տեղեկատվական հասարակությունում» խորագրով IV միջազգային գիտագործնական գիտաժողովը համախմբեց մշակույթի, գրահրատարակչության, կրթության և տեղեկատվական ոլորտների մասնագետների 10 երկրների գրադարաններից, թանգարաններից ու գիտական հաստատություններից։
Հայաստանը գիտաժողովում ներկայացրել է Հայաստանի ազգային գրադարանի աշխատակից Սառա Զոհրաբյանը, ով հանդես է եկել «Հայ գրականությունը թարգմանություններում՝ որպես մշակութային երկխոսության կամուրջ» թեմայով զեկույցով։ Զեկուցման ընթացքում ներկայացվել է հայ գրականության միջազգային ներկայացման գործընթացը, թարգմանական քաղաքականության ռազմավարական նշանակությունը և «Հայ գրականությունը թարգմանություններում» պետական ծրագրի արդյունքները՝ որպես միջմշակութային փոխըմբռնման և համագործակցության գործիք։
Գիտաժողովի ընթացքում քննարկվել են հիշողության ինստիտուտների, ընթերցանության և գրքի դերի արդիական հարցեր ժամանակակից տեղեկատվական հասարակությունում՝ ներառյալ թվային վերափոխման գործընթացները, մշակութային ժառանգության պահպանման ու մատչելիության ապահովման նոր մոտեցումները, ինչպես նաև ընթերցանության խթանման և մեդիագրագիտության զարգացման մարտահրավերները։ Գիտաժողովը կայացել է հոկտեմբերի 9-10-ին՝ Բիշքեկում։