Звоните
окт 06, 2025 Новости Книжная карта Армении
Հայաստանի գրադարաններում ամենաընթերցված գեղարվեստական գրքերի սեպտեմբերյան տասնյակը Հայաստանի հանրային և համայնքային գրադարանների ամենապահանջված գեղարվեստական գրքերի սեպտեմբերյան տասնյակի առաջատար երեք հեղինակներն են հայ դասական գրող և դրամատուրգ Լևոն Շանթն իր 1912 թ-ին տպագրված «Հին աստվածներ» դրամայով, ժամանակակից միստիկ-թրիլլերային ժանրի գրող Ռուբեն Եսայանը «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գրքով և փաստագրական հենքով վեպերի հեղինակ Աշոտ Աղաբաբյանի «Նմանակը»։ Հատկանշական է, որ Ռուբեն Եսայանը և Աշոտ Աղաբաբյանը տասնյակում տեղ են զբաղեցրել երկուական գրքով։ Համաձայն հարցմանը մասնակից գրադարաններից ստացված վիճակագրության ամենաընթերցվող հեղինակներից են նաև գերմանալեզու գրող Ֆրանց Կաֆկան, կոլումբիացի վիպագիր Մարկեսը, Դերենիկ Դեմիրճյանը, ժամանակակից ռուսաստանաբնակ գրող Մարկ Արենը և անգլիացի գրող Ուիլյամ Գոլդինգը։
Սեպտեմբերին գրադարաններում սպասարկված գրքերի տացքը բավական հավասարակշռված է։ Ուսումնական տարին նոր է սկսվել և դպրոցական և բուհական պարտադիր ընթերցանության ծրագրի ազդեցությունը դեռ թույլ է արտահայտված։ Նկատելի է, որ նվազել է Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպերի ընթերցանությունը։ Նաև նոր անուններ են ի հայտ եկել։ Առաջատար տասնյակի հեղինակներին կրնկակոխ հետևում են Ռաֆայել Մարգարյանը, ռուս վաղամեռիկ գրող Աննա Ջեյնը (իսկական անունը Աննա Պոտապկինա), բրիտանացի ժամանակակից գրող Քրիս Յուանը և ուրիշներ։
Հայաստանի մարզերի գրքային քարտեզը ներկայացնում է տվյալ ամսին մարզային գրադարանում ամենաշատ սպասարկված գրքերի շապիկները, որը հար և նման է ամսվա համադրված տվյալներին։ Աշոտ Աղաբաբյանը «նվաճել» է Արագածոտնի և Գեղարքունիքի ընթերցասերների սրտերը, իսկ Արարատի և Տավուշի մարզերը ծածանում են Ռուբեն Եսայանի գրքերի շապիկները։ Երևանում ամենաշատ սպասարկվել է գերմանալեզու նշանավոր գրող Ֆրանց Կաֆկայի «Կերպափոխություն» վեպը։