Звоните
июл 06, 2026 Мероприятия

Հայաստանի ազգային գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 107-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում գրադարանում տեղի ունեցավ երկարամյա աշխատակիցների պարգևատրման ավանդական արարողությունը։ ՀԱԳ տնօրեն Աննա Չուլյնաը աշխատանքային գործունեության 20, 25, 30, 35, 45 և 50-ամյակի կապակցությամբ պատվոգրերով պարգևատրեց գրադարանի 32 աշխատակիցների, ովքեր իրենց մասնագիտական նվիրումով և բարեխիղճ աշխատանքով երկար տարիներ ծառայել են գրադարանի զարգացմանն ու ազգային մշակութային ժառանգության պահպանմանը։ Յուրաքանչյուր հոբելյանական թիվ տարիների փորձի, պատասխանատվության, մասնագիտական վարպետության և գրքի ու ընթերցողի հանդեպ անսահման նվիրումի խորհրդանիշն է։ Ազգային գրադարանը բարձր է գնահատում իր աշխատակիցների տարիների հետևողական աշխատանքը, հավատարմությունն ու այն անգնահատելի ներդրումը, որի շնորհիվ շարունակվում և հարստանում է գրադարանի պատմությունը։
Առանձնահատուկ պետք է նշել, որ պատվոգրերի արժանացան նաև երկու աշխատակիցներ, ովքեր արդեն կես դար իրենց մասնագիտական ուղին կապել են Հայաստանի ազգային գրադարանի հետ՝ Տպագիր արտադրանքի վերականգնման բաժնի կազմարար Սուսաննա Էլոյանը և Համալրման բաժնի գլխավոր գրադարանավար Գայանե Օհանյանը։ Նրանց 50-ամյա աշխատանքային ուղին նվիրվածության և մասնագիտական արժանապատվության բացառիկ օրինակ է։ Միջոցառման ավարտին ներկայացվեց Հայաստանի ազգային գրադարանի պատմության ուսումնասիրման ուղղությամբ իրականացվող կարևոր նախաձեռնությունը։ 2024 թվականից գրադարանը սկսել է իր պատմությանն առնչվող փաստաթղթերի ժողովածուի կազմման լայնածավալ աշխատանքները։
Նախագծի պատասխանատուն լրագրող Մարկ Գրիգորյանն է, ով Հանրային կապերի բաժնի աշխատակից Եվգենյա Վարդապետովայի հետ իրականացնում է 1919 թվականից ի վեր գրադարանին վերաբերող փաստաթղթերի հավաքագրում, ուսումնասիրություն և համակարգում։ Աշխատանքներն ընդգրկում են ինչպես Հայաստանի արխիվները, այնպես էլ արտերկրի կրթամշակութային և գիտակրթական հաստատությունների արխիվային հվաքածուները՝ նպատակ ունենալով հնարավորինս ամբողջական ներկայացնել Ազգային գրադարանի պատմությունը փաստաթղթային սկզբնաղբյուրների հիման վրա։ Միջոցառման ընթացքում Մարկ Գրիգորյանը ներկայացրեց կատարված հետազոտության առաջին արդյունքները՝ փաստաթղթերով լուսաբանելով 1919-1920 թվականներին Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման և պետական կարգավիճակ ստանալու պատմությունը։ Ներկայացված բացառիկ վավերագրերը հնարավորություն տվեցին նորովի անդրադառնալ գրադարանի ձևավորման առաջին տարիներին և վերարժևորել ազգային կարևորագույն մշակութային հաստատության անցած պատմական ուղին։
