НАЦИОНАЛЬНАЯ БИБЛИОТЕКА АРМЕНИИ

Звоните

Հայ մշակույթի գործիչները Հայրենական մեծ պատերազմի տարիներին

май 13, 2025 Новости Мероприятия Выставки

IMG-0387-1-1

 

Հայ մշակույթի գործիչները Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայ մշակութային գործիչները ակտիվ մասնակցեցին ոչ միայն թիկունքային աշխատանքներին, այլև առաջնագծի կյանքին։ Նրանք իրենց ստեղծագործությամբ, անձնական օրինակով ու անմիջական ներկայությամբ մեծ դեր ունեցան ժողովուրդը ոգեշնչելու, հայրենասիրությունը բարձր պահելու, մարտիկներին հոգեբանորեն սատարելու գործում։

Գրականություն Պատերազմը համազգային ճակատ էր, և հայ գրողները առաջին իսկ օրերից ներգրավվեցին այդ պայքարին։ Ավելի քան 40 հայ գրող և գրաքննադատ կռվեցին ռազմաճակատում՝ որպես շարքային զինվորներ, հրամանատարներ, թղթակիցներ և թերթերի խմբագիրներ։ Ռազմաճակատային մամուլում մեծ դեր ունեցան հետևյալ հրատարակությունները՝ «Կարմիր զինվոր», «Հանուն հայրենիքի», «Մարտ հանուն հայրենիքի», «Մարտական դրոշ»։ Գրողները այնտեղ ոչ միայն տեղեկություններ էին հաղորդում, այլև ստեղծում էին ոգեշնչող ստեղծագործություններ, հոդվածներ, բանաստեղծություններ։ Թաթուլ Հուրյանը, երիտասարդ բանաստեղծ, զոհվեց Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ։ Նրա հայրենասիրական քնարերգությունը դարձավ պատերազմի պոեզիայի խորհրդանիշներից։ Պատերազմի տարիներին ստեղծվեցին բազմաթիվ արժեքավոր գրական գործեր, որոնց թվում են՝ ,Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» (կիսատ մնացած՝ պատմական մեծ վեպ, որը խորհրդանշում էր ազգային դիմադրության ոգին), Ատոմ Երգաթի «Պապ թագավոր», Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» ու «Ձայն Հայրենական» պոեմները, Հրաչյա Քոչարի պատմվածքներն ու վեպերը, Համո Սահյանի, Գևորգ Էմինի, Սերո Խանզադյանի, Շահեն Թաթիկյանի, Գուրգեն Բորյանի, Վախթանգ Անանյանի և այլոց գործերը։ Շատ գրողներ ոչ միայն գրել են պատերազմի մասին, այլև անձամբ մասնակցել են մարտական գործողություններին։Համո Սահյան, Հրաչյա Քոչար, Գևորգ Էմին, Մկրտիչ Սարգսյան, Շահեն Թաթիկյան, Վախթանգ Անանյան, Սերո Խանզադյան, Գուրգեն Բորյան... Հայրենական մեծ պատերազմի մասնակից հայ անվանի մարդիկ, որոնց անունները կարելի է ավերջ թվարկել։

Երաժշտություն և բեմարվեստ Թեև պատերազմը ծանր փորձություն էր, սակայն նույնիսկ այդ տարիներին Հայաստանը շարունակեց հարուստ մշակութային կյանքը։ 1942 թ․ հիմնվեց Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնը (ներկայում՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն), իսկ 1944 թ․՝ թատերական ինստիտուտը, որը պատրաստում էր նոր սերնդի դերասաններ ու ռեժիսորներ։ Վավերագրական կինոն լուսաբանում էր ռազմաճակատում կռվող հայ դիվիզիաների քաջագործությունները։ Հայֆիլմն արտադրեց հայրենասիրական ֆիլմեր, որոնցից ամենանշանավորը՝ «Դավիթ Բեկ» (1944 թ․), ռեժիսոր Համբարձում Խաչանյանի, գլխավոր դերում՝ Հրաչյա Ներսիսյան։ Հայաստանի տարբեր անսամբլներ ելույթ էին ունենում ռազմաճակատում՝ ոգևորելով զինվորներին։ Այդ թվում՝ Վանո Ալթունյանի գլխավորած երգի-պարի պետական անսամբլը, Արամ Մերանգուլյանի ղեկավարությամբ երգչախումբը, Հայաստանի պետական ջազն՝ Արտեմի Այվազյանի գլխավորությամբ, Անզուգական երգչուհի Արև Բաղդասարյանը, ով հաճախ էր մասնակցում ռազմաճակատային համերգների։

Սիմֆոնիկ և երգարվեստ Հայ երաժշտությունը պատերազմի տարիներին ապրեց վերելք՝ ստեղծելով մի շարք փառահեղ ստեղծագործություններ։ Արամ Խաչատրյանը համարվում է այդ շրջանի ամենանշանավոր կոմպոզիտորը։ Նրա «Կապիտան Գաստելլո» սիմֆոնիկ ստեղծագործությունը և թատերական երաժշտությունը հնչում էին թե՛ թիկունքում, թե՛ առաջնագծում։ Մեսրոպ Մասթարյանի և Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները նույնպես աչքի էին ընկնում ռազմական հերոսության ու ազգասիրության թեմաներով։ Հայտնի գործեր են դարձել՝ Գրիգոր Եղիազարյանի «Ատելության երգը», Վազգեն Տալյանի «Կարմիր բանակ», Աշոտ Սաթյանի «Մարտիկի երգը», Արտեմի Այվազյանի «Գեներալ Բաղրամյան», Արամ Սաթյանի «Հայրենիք»։ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը չդադարեց իր գործունեությունը նույնիսկ ամենածանր օրերին։ Միքայել Թավրիզյանի դիրիժորությամբ բեմադրվեց նաև Դմիտրի Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան՝ «Լենինգրադը»։ Հայ մշակույթի գործիչները պատերազմի տարիներին ոչ միայն շարունակեցին իրենց ստեղծագործական գործունեությունը, այլ նաև հանդիսացան ազգային դիմադրության ոգու կրողներ ու տարածողներ։ Նրանց աշխատանքը դարձավ հայրենասիրության, ոգեշնչման և միասնականության զենք՝ թիկունքում և ռազմաճակատում։