Звоните
окт 16, 2025 Мероприятия
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային գրադարանի Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի ընթերցասրահում անցկացվեց հանդիպում՝ նվիրված հայ անվանի մատենագետներ Հրաչյա Կոստիկյանի ծննդյան 110 և Ամալյա Կիրակոսյանի ծննդյան 105-ամյակներին։ Միջոցառման ընթացքում բացվեց նաև ցուցադրություն, որտեղ ներկայացված էին մատենագետների գրական ժառանգությունը, հեղինակած, կազմած և խմբագրած գրքերը, ինչպես նաև նրանց գործունեությանը վերաբերող արժեքավոր նյութեր։
Մատենագետների մասնագիտական և գիտական ավանդի մասին հանդես եկավ Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի գլխավոր մատենագետ Նաիրա Մելքոնյանը, ով ներկայացրեց նրանց կյանքն ու մասնագիտական ուղին՝ ընդգծելով նրանց դերը հայ մատենագիտության զարգացման գործում։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Հրաչյա Կոստիկյանի ընտանիքի անդամները, ովքեր կիսվեցին ջերմ հուշերով։ Հրաչյա Կոստիկյանի մասին խոսեց, խմբագրած գործերի և թարգմանությունների, համալսարանական տարիների գործունեության մասին պատմեց Հայաստանի ազգային գրադարանի աշխատակից Ներսես Հայրապետյանը, ով եղել է Կոստիկյանի ուսանողը։
Ցուցադրությունը ևս մեկ անգամ ընդգծեց երկու մատենագետների անգնահատելի ներդրումը գրադարանագիտության և մատենագիտության ոլորտներում։ Միջոցառմանը մասնակցեց և խոսքով հանդես եկավ նաև գրադարանավար, մատենագետ, Հայկական գրադարանային ասոցիացիայի փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանը։