НАЦИОНАЛЬНАЯ БИБЛИОТЕКА АРМЕНИИ

Звоните

«Գարուն» ամսագրի շապիկների ցուցահանդեսը «Էպիգրաֆ» գրախանութում

апр 09, 2026 Мероприятия

IMG-0387-1-1

#Ազգային_գարուն Epigraph-ում 📰«Գարուն»-ը գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական անկախ ամսագիր է, որը տպագրվել է Երևանում՝ 1967 թվականից։ Այն միավորել է հայ անվանի և երիտասարդ գրողներին՝ տպագրելով նրանց ստեղծագործությունները, իսկ ակնարկների, հոդվածների և հարցազրույցների միջոցով մշտապես բարձրացրել ու լուսաբանել է հասարակական, տնտեսական, բարոյախոսական, գիտական ու դաստիարակչական հարցեր։ Տասնամյակներ շարունակ «Գարունը» մեծ ազդեցություն է ունեցել հայ արվեստի և, հատկապես, գրականության զարգացման վրա՝ ձևավորելով նոր մտածողություն և գեղարվեստական ճաշակ։ Ապրիլի 8-ին Epigraph գրախանութում, Հայաստանի ազգային գրադարանի հետ համատեղ, բացվեց «Գարուն» ամսագրի շապիկների ցուցահանդեսը՝ ներկայացնելով տարիների ընթացքում ձևավորված գեղարվեստական ինքնատիպ լուծումները և ժամանակի շունչը կրող ձևավորումները։

Միջոցառմանը ներկա էին «գարունականները»` Մերուժան Տեր- Գուլանյանը, Կարինե Խոդիկյանը, Մարինե Հարությունյանը, Հայկ Համբարձումյանը, Տիգրան Գաբոյանը, Հուսիկ Արան, Աշոտ Գաբրիելյանը, Գրիգոր Խաչատրյանը, Արքմենիկ Նիկողոսյանը, ովքեր խոսեցին «Գարուն» իրենց մուտքի մասին, իրենց առաջին հոդվածի, իրենց աշխատանքների մասին, կիսվեցին իրենց պատմություններով ու ջերմ հիշողություններով։ Հանդիպման մասնակիցները, ովքեր արդեն օգտվել են ՀԱԳ շտեմարաններից, թերթեl «Գարուն»-ի էջերը` բարձր գնահատեցին կատարված աշխատանքի որակն ու մատչելիությունը․ եթե նախկինում ամսագրի համարներին ծանոթանալը պահանջում էր ժամանակ և ֆիզիկական ներկայություն, ապա այսօր դրանք հասանելի են յուրաքանչյուրին՝ ընդամենը մի քանի հպումով։ Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, խոսելով կատարված աշխատանքների մասին, ընդգծեց, որ արդեն ձևավորված ավանդույթ է դարձել թերթերի և ամսագրերի հոբելյանների առթիվ ընթերցողներին նվեր մատուցել՝ թվայնացնել և նշաճանաչել տվյալ մամուլի բոլոր համարները։ Նրա խոսքով՝ սա միաժամանակ և՛ կարևոր առաքելություն է, և՛ մեծ պատիվ ու պատասխանատվություն։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային գրադարանը իր կարևոր նվերը «Գարուն»-ին մատուցել է դեռևս ամսագրի 55-ամյակի առթիվ՝ ամբողջությամբ թվայնացնելով և առցանց հասանելի դարձնելով 1967–2018 թթ․ բոլոր համարները։

[https://tert.nla.am/mamul/Garun1967/Table.html](https://tert.nla.am/mamul/Garun1967/Table.html)

Ամսագրի 506 համար՝ շուրջ 27,830 էջ, թվայնացվել է և նշաճանաչվել՝ OCR տեխնոլոգիայի շնորհիվ դարձել որոնելի ու ավելի մատչելի։

Հատկանշական է նաև, որ «Էպիգրաֆ» գրախանութը տպագրել է «Գարուն» ամսագրի շապիկներով պաստառներ և փոստային բացիկներ, որոնք կարող եք գտնել գրախանութում, ինչպես նաև Հայաստանի ազգային գրադարանի Արվեստի բաժնում։ #Գարուն #Գարուն55 #հայ_մամուլ #թվայնացում #ցուցահանդես #Գրականություն #Արվեստ