Call us
Apr 17, 2026 Events

Ժան-Միշել Թիերիի ծննդյան 110-ամյակին նվիրված ցուցադրություն Ազգային գրադարանում Հայաստանի ազգային գրադարանի արվեստի բաժնում բացվել է ֆրանսիացի նշանավոր բժիշկ, արվեստաբան և հայագիտության նվիրյալ հետազոտող Ժան-Միշել Թիերիի ծննդյան 110-ամյակին նվիրված գրականության ցուցադրություն։ Միջոցառման շրջանակում բաժնի վարիչ Հասմիկ Առաքելյանը հանդես եկավ զեկույցով՝ ներկայացնելով Թիերիի բացառիկ ներդրումը հայկական ճարտարապետության ուսումնասիրման, փաստագրման և միջազգային հանրահռչակման գործում։
Ժան-Միշել Թիերին այն եզակի անհատներից էր, ով, ծնվելով Ֆրանսիայում, իր կյանքի ավելի քան հինգ տասնամյակը նվիրեց հայկական մշակութային ժառանգության պահպանությանը։ Նրա և կնոջ՝ Նիկոլ Թիերիի համատեղ ջանքերով ուսումնասիրվեցին, չափագրվեցին և լուսանկարվեցին հարյուրավոր հուշարձաններ՝ հատկապես Արևմտյան Հայաստանում, որոնք հաճախ գտնվում էին կորստի եզրին։ Թիերին մշակեց հուշարձանների փաստագրման գիտական մեթոդաբանություն՝ համադրելով ճարտարապետական չափագրությունը, էսքիզները և բարձրորակ լուսանկարչությունը։ Նրա աշխատությունների շնորհիվ բազմաթիվ եկեղեցիներ «ձեռք բերեցին իրենց անձնագրերը» գիտական աշխարհում։
Ցուցադրության մեջ ներկայացված են Թիերիի կարևորագույն աշխատությունները, որոնք մինչ այսօր մնում են հայ արվեստի ուսումնասիրության հիմնարար աղբյուրներ։ Ժան-Միշել Թիերին ոչ միայն ուսումնասիրեց հայկական ճարտարապետությունը, այլ դարձավ դրա ամենանվիրված ջատագովներից մեկը՝ իր գիտական գործունեությամբ պաշտպանելով և աշխարհին ներկայացնելով հայ մշակույթի հարուստ ժառանգությունը։ Նրա թողած ժառանգությունը շարունակում է ոգեշնչել նոր սերունդների հետազոտողներին՝ հիշեցնելով, որ մշակութային արժեքների պահպանումը ոչ միայն գիտական աշխատանք է, այլև առաքելություն։
