Call us
Oct 05, 2026 Events

ՍԻՕՆ-160 I մամուլի տեսություն ՀԱԳ Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի նախաձեռնությամբ անցկացվեց մամուլի տեսություն՝ նվիրված «Սիօն» ամսագրի հրատարակության 160-ամյակին։ 1866 թվականի հունվարին լույս տեսած «Սիօն»-ը Երուսաղեմի Հայոց Պատրիարքության պաշտոնական հրատարակությունն ու պաշտոնաթերթն է՝ կրոնական, պատմաբանասիրական և գրական ուղղվածությամբ։ Իր երկարամյա պատմության ընթացքում ամսագիրը կարևոր դեր է ունեցել հայ հոգևոր, ազգային, մշակութային և գիտական մտքի պահպանման ու տարածման գործում։ Մամուլի տեսության ընթացքում ՀԱԳ Մատենագիտության բաժնի Հայ գրքի և մամուլի ենթաբաժնի վարիչ Աստղիկ Ներսեսյանը ներկայացրեց «Սիօն»-ի ստեղծման և հրատարակության պատմությունը, բովանդակային առանձնահատկություններն ու պարբերականի էջերում հանդես եկած հայ մտավորականների գործունեությունը։
Ցուցադրվեց նաև տեսաֆիլմ, որում «Սիօն» ամսագրի ներկայիս խմբագիր Ներսեհ աբեղա Ալոյեանը ներկայացնում է պարբերականի պատմությունը, անդրադառնում տարբեր տարիների խմբագիրներին և խոսում Հայաստանի ազգային գրադարանի հետ «Սիօն»-ի համագործակցության մասին։ https://www.youtube.com/watch?v=ukjMCGIplrI «Սիօն» ամսագրում իրենց նյութերով հանդես են եկել հայ մտավորականներ Եղիշե Դուրյանը, Գարեգին Հովսեփյանը, Ներսես Ակինյանը, Սիրարփի Տեր-Ներսեսյանը և այլոք։
Խմբագիրներ են եղել Տիգրան Թումայի Սավալանյանը, Մելքիսեդեկ Մուրատեան վրդապետը, Սահակ Բ Կաթողիկոս Խապայեանը, Բաբգէն Կաթողիկոս Կիւլէսէրեանը, Տիրան արք. Ներսոյեանը, Թորգոմ արք. Գուշակեանը, Եղիշէ արք․ Տէրտէրեանը, Բաբկեն արք․ Ապատյանը, Թորգոմ արք․ Մանուկեանը, Բագրատ վրդ․ Պուրճէքեանը, Մինաս Գոճայեանը, Ներսեհ աբեղա Ալոյեանը և այլոք։ Առանձին անդրադարձ կատարվեց Հայաստանի ազգային գրադարանի կողմից իրականացված թվայնացման և նշաճանաչման աշխատանքներին։ Այսօր «Սիօն» ամսագրի բոլոր համարները հասանելի են ՀԱԳ «Հայ մամուլ» էլեկտրոնային շտեմարանում։ https://is.gd/pKKp59
