Call us
Oct 05, 2026 Events

Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ գրող, թարգմանիչ, գրականագետ, գրադարանի բարեկամ Ֆելիքս Բախչինյանին նվիրված «Ֆելիքս Բախչինյանը՝ թարգմանիչ» խորագրով միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին գերազանցություն Անդրիուս Պուլոկասը, Լիտվայի Մայրոնիսի անվան լիտվական գրականության թանգարանի տնօրեն Դեյմանտե Ցիբուլսկիենեն, ինչպես նաև մշակույթի և գրականության ոլորտի ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը՝ կարևորելով միջոցառումը հենց Ազգային գրադարանում անցկացնելու հանգամանքը։ Նա ընդգծեց Ֆելիքս Բախչինյանի և գրադարանի երկարամյա կապը. Բախչինյանն իր հրատարակությունները և, ոչ միայն, տարիներ շարունակ սիրով և անձամբ նվիրել է գրադարանին։ Նրա վաստակը գնահատվել է նաև 2010 թվականին, երբ Հայաստանի ազգային գրադարանը նրան պարգևատրել է «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալով։
Ներսես Հայրապետյանը ներկայացրեց Ֆելիքս Բախչինյանի գրական գործունեությունն ու թարգմանական արվեստը։ Նա նաև նշեց, որ նախորդ տարի էլեկտրոնային ձևաչափով լույս է տեսել Ֆելիքս Բախչինյանի հրատարակությունների մատենագիտությունը։ Բախչինյանի՝ որպես գրական գործչի և մարդու մասին խոսեց գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը՝ ներկայացնելով նրա ստեղծագործական ուղին և մարդկային կերպարը, նրա գրականագիտական հայացքները։ Ֆելիքս Բախչինյանի գրական գործունեությանն ու ստեղծագործական ժառանգությանը անդրադարձավ նաև բանաստեղծ Թադևոս Տոնոյանը։
Միջոցառման ընթացքում կարևորվեց Բախչինյանի բազմամյա աշխատանքը՝ Լիտվայի և այլ երկրների գրականությունն ու մշակույթը հայ ընթերցողին ներկայացնելու, ինչպես նաև հայկական գրականությունն օտարալեզու միջավայրերում տարածելու ուղղությամբ։ Մայրոնիսի «Յուրատե և Կաստիտիս» ստեղծագործությունը լիտվերեն ընթերցեցին Հայաստանի լիտվական համայնքի անդամները։ Ֆելիքս Բախչինյանի hայերեն թարգմանությունը կարդացին Հայարփի և Հասմիկ Խաչատրյանները։ Ֆելիքս Բախչինյանի ժառանգությունը հանրությանը հասանելի դարձնելու նպատակով Հայաստանի ազգային գրադարանի կայքում բացվել է առցանց գրական ցուցադրություն, որտեղ ներկայացված են նրա տարբեր տարիների հրատարակություններն ու թարգմանությունները։
https://nla.am/blog/feliks-bakhchinyan-75
Միջոցառումն իրականացվեց «Հայաստանում լիտվական համայնք» մշակութային հասարակական կազմակերպության, «Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտ» հիմնադրամի և Հայաստանի ազգային գրադարանի համագործակցությամբ։
