Call us

Համայնքային գրադարանավարների վերապատրաստում Հայաստանի ազգային գրադարանում

May 13, 2026 Events

IMG-0387-1-1

Հայաստանում համայնքային գրադարանների գրադարանավարների մասնագիտական վերապատրաստումը կարևոր նշանակություն ունի ժամանակակից և արդյունավետ գրադարանային համակարգի ձևավորման գործում։ Տեղական համայնքներում գործող գրադարանները ոչ միայն տեղեկատվության և գիտելիքի տարածման կենտրոններ են, այլև կրթական, մշակութային և հանրային կյանքի ակտիվ հարթակներ, ուստի ոլորտի մասնագետների շարունակական վերապատրաստումը ժամանակի պահանջ է։ Հայաստանի ազգային գրադարանը պարբերաբար կազմակերպում է գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման դասընթացներ՝ նախապես իրականացնելով կարիքների գնահատում՝ հաշվի առնելով համայնքային գրադարանավարների կողմից ներկայացված առաջնահերթ թեմաներն ու մասնագիտական հետաքրքրությունները։

Մայիսի 11-12-ին Հայաստանի ազգային գրադարանում անցկացվեց երկօրյա մասնագիտական վերապատրաստման դասընթաց՝ ՀՀ համայնքային գրադարանների գրադարանավարների մասնակցությամբ։ Դասընթացին մասնակցեցին «Աշտարակի մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի ենթակայությամբ գործող համայնքային գրադարանների, ինչպես նաև Հրազդանի համայնքային գրադարաններից գրադարանավարներ։ Մասնակիցներին ներկայացվեցին ժամանակակից գրադարանային գործունեությանը վերաբերող մի շարք կարևոր թեմաներ։ Քննարկվեցին ապագային միտված համայնքային գրադարանների զարգացման միտումները, համայնքային գրադարանների ֆոնդերի էլեկտրոնային հաշվառման և գույքագրման գործընթացները, գրադարաններում անձնական տվյալների պաշտպանության հիմնահարցերը, ինչպես նաև գրադարանային օրենսդրության և ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի կիրառման առանձնահատկությունները։

Առանձին ուշադրություն դարձվեց Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակից օգտվելու հնարավորություններին և Հայաստանի ազգային գրադարանի շտեմարանների կիրառմանը գրադարանային գործընթացներում։ Դասընթացները վարեցին Հայաստանի ազգային գրադարանի փորձառու մասնագետները մասնակիցների հետ համատեղ կազմակերպելով նաև քննարկումներ և գործնական աշխատանքներ։

➡Վերապատրաստման ավարտին կատարվեց արդյունքների գնահատում։ ՀԱԳ տնօերնի գիտական գծով տեղակալ Հայկանուշ Ղազարյանը մասնակիցներին հանձնեց դասընթացի մասնակցության հավաստագրեր։ Դասընթացի ավարտին մասնակիցները շրջեցին նաև Հայաստանի ազգային գրադարանի գրատպության թանգարանում, ծանոթացան հայկական գրատպության պատմությանը, ինչպես նաև գրատպական մշակույթի զարգացման կարևոր փուլերին։