Call us

Արամ Խաչատրյանի ինքնագրով համերգային ծրագիրն է պահվում Հայաստանի ազգային գրադարանում

Oct 24, 2024 News

ախխխ2024
 

Արամ Խաչատրյանի ինքնագրով համերգային ծրագիրն է պահվում Հայաստանի ազգային գրադարանի ինքնագրերի հավաքածուում։ Խաչատրյանն իր ստորագրությանը կից նաև յուրահատուկ նոտային էքսլիբրիսանման պատկեր է նկարել ծրագրի էջին։ Երաժշտական Հայաստանում` «Արմենիա» միջազգային երաժշտական 8-րդ փառատոնի այս օրերին, ներկայացնում ենք այդ բացառիկ նմուշը։

Համերգային ծրագիրը (բուկլետը) տպագրվել է Բեյրութում 1961-ին, ինչից պարզ է դառնում, որ աշխարհահռչակ կոմպոզիտորն այդ տարի համերգով հանդես է եկել Բեյրութում։ Ծրագրում նշված է, որ սիմֆոնիկ համերգի ղեկավարն է Արամ Խաչատրյանը, մենակատարների թվում էլ նշվում է Սերջո Պետրիկարոլիի անունը։ Ծրագրի՝ Պետրիկարոլիին նվիրված էջում մակագրել է նաև հենց ինքը՝ Սերջո Պետրիկարոլին։ Իտալացի հայտնի դաշնակահար Պետրիկարոլին (1930-2019) 1959-ին ելույթ է ունեցել Եգիտպոսում՝ կատարելով Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը՝ վերջինիս ներկայությամբ ու արժանանալով մեծ կոմպոզիտորի դրվատանքին։

աա23.11

Հենց Կահիրեի սիմֆոնիկ նվագախմբի հետ էլ Պետրիկարոլին ու Խաչատրյանը հանդես են եկել Բեյրութում 1961-ին։ Համերգի օրը ծրագրում նշված է մայիսի 14-ը։ Ըստ «Արվեստագիտական հանդեսի» 2023-ի 2-րդ համարում տպագրված հոդվածի՝ 1961 թվականի մայիսին Արամ Խաչատրյանն այցելել է Բեյրութ, «որտեղ մայիսի 12-ին, 13-ին եւ 14-ին տեղի ունեցան կոմպոզիտորի հեղինակային 3 համերգները, իսկ մայիսի 17-ին՝ հրաժեշտի համերգը, որոնց ընթացքում Կահիրեի սիմֆոնիկ նվագախումբը Արամ Խաչատրյանի ղեկավարությամբ կատարեց կոմպոզիտորի սիմֆոնիկ ստեղծագործությունները»:

Նույն հոդվածում նշվում է նաև, որ Արամ Խաչատրյանի լիբանանյան այցելություն-համերգային գործունեությունը մեծ դեր ունեցավ արաբական կատարողական արվեստի զարգացման գործում։ Մի նյութի սահմաններում շատ չծավալվելով նշենք, որ Հայաստանի ազգային գրադարանը դեռևս կանդրադառնա այս թեմային։ Հետևեք գրադարանի բոլոր հրապարակումներին։