Call us

«Հասկ» կրոնական, գրական ու բանասիրական ամսագիր

Jul 15, 2025 News Donations

IMG-0387-1-1

 

Հայաստանի ազգային գրադարանը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Կիլիկիա» Մատենադարանը ունեն տասնամյակների համագործակցության պատմություն։ Օրերս գրադարան էր այցելել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Կիլիկիա» Մատենադարանի մատենադարանապետ Գերաշնորհ Տեր Շահան արք. Սարգիսյանը։ Շահան Սրբազանը ինչպես միշտ դատարկաձեռն չէր եկել։ Նա Հայաստանի ազգային գրադարանին նվիրեց երկու տասնյակ հայագիտական արժեքավոր հրատարակություններ, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական հրատարակության՝ «Հասկ» ամսագրի 2024 թվականի բացակա համարները։ «Հասկ» կրոնական, գրական ու բանասիրական ամսագիրը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական հրատարակությունն է: Լույս է տեսնում 1932-ի հունվարից Անթիլիասում: «Հասկ» ամսագրի թվայնացված և նշաճանաչված համարները հասանելի են «Հայ մամուլ» շտեմարանից՝ https://is.gd/4ojgXd

Ի դեպ, 2021թ. Հայաստանի ազգային գրադարանի և Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության «Կիլիկիա» Մատենադարանի միջև կնքվեց փոխըմբռնման և գործակցութեան հուշագիրք` համատեղ ցուցադրությունների և համաժողովների կազմակերպման, հայ գրքի և մամուլի թվային պատճենների փոխանակման, մասնագետների փոխայցելությունների, թվայնացման և համացանցային համատեղ ծրագրերի իրականացման տեսլականներով:

Հայաստանի ազգային գրադարանը երախտագիտությամբ է ընդունում գրադարանի հավաքածուները հարստացնող հրատարակությունները և շնորհակալ է մեր բոլոր նվիրատուներին։