Հեռախոսահամար
փտր 25, 2025 Միջոցառումներ Հանրային դասախօսութիւններ
«Լիներ մի կանաչ հովիտ, մեջը մի հատ աղբյուր։ Անդոն այդ հովտի տեղը չիմանար։ Այդ կանաչ հովտում արածեր մի կարմիր ձի։ Ոչ ոք չիմանար, որ այդ ձին Ալխոն է։ Արածելով պտտվեր հովտում, ջուր խմեր, պոչով քշեր մի երկու հատիկ ճանճը, թախծեր, պառկեր արևի տակ կանաչ հովտում սատկածի պես...»։ Հրանտ Մաթևոսյան, «Ալխոն» («Բեռնաձիեր» շարքից)։
Այսօր՝ փետրվարի 12-ին, մեր ժամանակների մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է։ Այս տարի նշվում է գրողի 90-ամյակը։ Հոբելյանի առթիվ Հայաստանի Ազգային գրադարանը կազմակերպել էր հանրային բանախոսությունների շարքի հերթական հանդիպումը։ «Ձիապատկերի խորհրդաբանության իմաստային հոսքերը Հրանտ Մաթևոսյանի պատմվածքներում» թեմայով դասախոսություն կարդաց ԵՊՀ Հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմենուհի Արզումանյանը:
Գրողի «Նժույգս, նժույգս», «Նարինջ զամբիկը», «Ալխոն», «Կանաչ դաշտը» պատմվածքները վերլուծելով նշված թեմայի համատեքստում՝ բանախոսը հրաշալի ընդհանրացումներ արեց Մաթևոսյան գրողի, մաթևոսյանական կենսափիլիսոփայության, կենդանու ներսից դեպի մարդը գնալու՝ նրա կերպի մասին։ Արզումանյանը նաև զուգահեռներ բերեց գրողի կենդանապատկեր այլ ստեղծագործությունների, մասնավորապես «Գոմեշը» պատմվածքի, ինչպես նաև Բակունցի «Սպիտակ ձին» պատմվածքի օրինակով։
Մաթևոսյանական աշխարհի հետ ևս մի առնչությունը հաճելի էր և ուսանելի, ուստի պատահական չէր, որ հետաքրքիր զրույց ծավալվեց բանախոսի և միջոցառման մասնակիցների միջև։