Հեռախոսահամար
փտր 25, 2025 Նորութիւններ Նուիրատուութիւններ
Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Մեներգեր» ժողովածուի շնորհանդեսը և մամուլի ասուլիս։ Գիրքն ընդգրկում է կոմպոզիտորի 1966-ից մինչև 2024թ. գրված ստեղծագործությունները։
«ես շատ ուրախ եմ որ կա այս ժողովածուն։ Իբրև երաժիշտ, ինձ համարում եմ հայոց լեզվի զավակը։ Հետևաբար, թե՛ այս գիրքը և թե՛ հետագա հատորները, որոնք ես հույս ունեմ, որ լույս կտեսնեն, դրանք ամբողջությամբ հայ պոեզիա են, հայ արվեստ են...», իր խոսքում ասաց Տիգրան Մանսուրյանը։
Շքեղ տպագրությամբ մեծադիր հատորի շապիկի վրա Մարտիրոս Սարյանի «Ծաղիկներ» նատյումորտի արտատպությունն է, որը Վարպետը նկարել է 1916 թվականին։ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները ներկայացված են ժամանակագրական սկզբունքով։ Հայերեն տեքստերին կից նոտաներում առկա է լատինատառ հնչյունային վերտառությունը։ Ժողովածուում կարելի է գտնել Գարսիա Լորկայի, Նահապետ Քուչակի, Բաղդասար Դպիրի, Մատթեոս Զարիֆյանի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Համո Սահյանի, Ռազմիկ Դավոյանի խոսքերով գրված ստեղծագործությունների նոտագրությունը և տեքստերը հայերեն և անգլերեն թարգմանությամբ։
Միջոցառումը կազմակերպվել էր Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 3-րդ միջազգային մրցույթի շրջանակում, որը կազմակերպվել է «Կողբ» հիմնադրամի կողմից։ Միջոցառման ավարտին Տիգրան Մանսուրյանի «Մեներգեր» ժողովածուն հիմնադրամի կողմից բաժանվեց Երևանի երաժշտական մի խումբ դպրոցների և գրադարանների։