Звоните
июн 18, 2026 Новости

Հայաստանի ազգային գրադարանը հրավիրում է մասնակցելու հայ մտավորական, բանասեր, թարգմանիչ, մանկավարժ, խմբագիր և աստվածաբան Յովհաննէս Տէրոյենցի ծննդյան 225-ամյակին նվիրված գրականության ցուցադրություն-զեկույցին։ 1801 թվականին Պրուսայում ծնված Տէրոյենցը վաղ տարիքից յուրացրել է մի շարք լեզուներ՝ իտալերեն, հունարեն, լատիներեն, գերմաներեն, արաբերեն և պարսկերեն։ Նա եղել է բացառիկ գիտելիքներով օժտված մտավորական, որն իր գործունեությունը նվիրել է հայ մատենագրությանը, թարգմանական արվեստին, կրթությանը և եկեղեցական-բանասիրական ուսումնասիրություններին։
Նա ղեկավարել է Սկյուտարի Ճեմարանը, կատարել բազմաթիվ թարգմանություններ, հրատարակել կրոնական և գիտական աշխատություններ, խմբագրել Կ. Պոլսի առաջին հայ պարբերականներից մեկը, իսկ հետագայում հիմնադրել ու խմբագրել «Զօհալ» հայատառ թուրքերեն և «Երևակ» հանդեսները։ Իր ամբողջ գործունեության ընթացքում Տէրոյենցը հանդես է եկել որպես հայ եկեղեցական ավանդույթի և ազգային մշակութային ժառանգության նվիրյալ պաշտպան։ Ցուցադրության ընթացքում կներկայացվեն Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուներում պահպանվող Յովհաննէս Տէրոյենցի ստեղծագործությունները, թարգմանությունները, պարբերական հրատարակությունները, ինչպես նաև նրա կյանքի ու գործունեության վերաբերյալ ուսումնասիրությունները։
📅 Հունիսի 24
🕚 Ժամը 11։00
📍 Մատենագիտության և գրադարանագիտության ընթերցասրահ
Վարչական մասնաշենք՝ 5-րդ հարկ։
Մուտքը՝ ազատ։
