НАЦИОНАЛЬНАЯ БИБЛИОТЕКА АРМЕНИИ

Звоните

Մխիթար Սեբաստացուն և Մխիթարյան միաբանությանը նվիրված միջոցառում Ազգային գրադարանում

мар 23, 2026 Мероприятия

IMG-0387-1-1

Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ ՄԽԻԹԱՐ ԱԲԲԱՀԱՅՐԸ ԵՒ ՄԽԻԹԱՐԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ խորագրով միջոցառումը, որը կազմակերպվել էր Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Տիգրան Հայրապետյան գրադարան գրադարանի և Մխիթարեան Ճեմարան Mekhitarian centre of Armenia հետ համատեղ: Միջոցառումը նվիրված էր Մխիթար Սեբաստացու ծննդյան 350 և Վենետիկի Մխիթարեան միաբանության հիմնադրման 325-ամյակներին։ Ներկաներին ողջունեց Հայաստանի ազգային գրադարանի The Museum of Printing / Գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանը։ Նա անդրադարձավ Մխիթար Սեբաստացու գործունեությանը և ընդգծեց Մխիթարեան միաբանության կարևոր դերը հայ մշակույթի, կրթության և գրատպության զարգացման գործում։ Ելույթ ունեցավ նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը, ով խոսեց կրթահամալիրի կողմից Մխիթար Սեբաստացու անունը կրելու կարևորության մասին՝ ընդգծելով այն մեծ առաքելությունը, որն իր վրա է վերցրել կրթահամալիրը։ Նա անդրադարձավ նաև այն աշխատանքներին, որոնք իրականացվում են Սեբաստացու ժառանգությունը հանրայնացնելու նպատակով, ինչպես նաև ներկայացրեց հոբելյանական տարվա ընթացքում նախատեսվող ծրագրերը։

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև Երևանի Մխիթարեան ճեմարանի տեսուչ Հայր Գէորգ Սարգիսեանը՝ խոսելով Մխիթար Սեբաստացու հոգևոր և մշակութային ժառանգության, ինչպես նաև Մխիթարեան միաբանության նշանակալի գործունեության մասին։ Կրթահամալիրի սաները ներկայացրին «Մխիթար Աբբահոր ոտնահետքերով» զեկույցը (պատասխանատու՝ Հասարակագիտական ստուգատեսի համակարգող Վարդան Կարապետյան)։ Կրթահամալիրի սովորող Գագիկ Մեսրոպյանը ներկայացրեց Մխիթարյան միաբանության հայր Ղևոնդ Ալիշանի «Սիսական» աշխատությանը նվիրված զեկույցը (խորհրդատու ուսուցիչ՝ Աշոտ Տիգրանյան)։ Գեղարվեստական հատվածում ելույթ ունեցավ «Սեբաստացիներ» պատանիների երգչախումբը (պատասխանատու՝ Սյուզի Մարգարյան)՝ կատարելով «Աղաչեմ ըզքեզ» և «Գովեալ դասուց» հոգևոր ստեղծագործությունները։

Միջոցառման շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական փոքր ցուցասրահում կազմակերպվել էր նաև թեմատիկ ցուցադրություն։ Հինգ առանձին ցուցափեղկերում ներկայացված էին Մխիթարյան միաբանության հոբելյաններին նվիրված հրատարակություններ, միաբանության կողմից լույս տեսած գրքեր, Մխիթար Սեբաստացու գործերը և նրա մասին ուսումնասիրություններ՝ գրքեր, թերթեր ու ամսագրեր։ Միջոցառումը ևս մեկ հնարավորություն էր արժևորելու Մխիթար Սեբաստացու և Մխիթարյեն միաբանության բացառիկ դերը հայ մշակույթի, կրթության և գրատպության զարգացման պատմության մեջ։