НАЦИОНАЛЬНАЯ БИБЛИОТЕКА АРМЕНИИ

Звоните

Հայաստանի ազգային գրադարանը՝ #IFLA_WLIC_2026 համաշխարհային համաժողովում

авг 17, 2026 Новости

IMG-0387-1-1

Հայաստանի ազգային գրադարանը՝ #IFLA_WLIC_2026 համաշխարհային համաժողովում ✔️Օգոստոսի 10-13-ը Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում անցկացվել է Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային ֆեդերացիայի (IFLA) IFLA - International Federation of Library Associations and Institutions Համաշխարհային գրադարանային և տեղեկատվական համաժողովը IFLA World Library and Information Congress, որը մեկ հարթակում է համախմբել աշխարհի տարբեր երկրների գրադարանների և տեղեկատվական ոլորտի մասնագետներին։ https://2026.ifla.org/ #WLIC2026-ը համախմբել էր 111 երկրներից և տարածաշրջաններից 3191 պատվիրակի, 350 բանախոսի, 50 ցուցադրողի և ավելի քան 200 կամավորի։

Համաժողովի կարևոր թեմաներից էր գրադարանների՝ ավանդական մոդելներից դուրս գալու և ապագայի մարտահրավերներին նախապատրաստվելու անհրաժեշտությունը։ Այս մոտեցումը հատկապես արդիական է ազգային գրադարանների համար՝ հաշվի առնելով արհեստական բանականության, թվայնացման, թվային պահպանության և օգտատերերի փոփոխվող պահանջների զարգացումը։ Այս համատեքստում կարևոր է վերանայել ավանդական գործելակերպերը և ձևավորել նոր, ճկուն ու ապագային միտված մոդելներ:

✔️Համաժողովին մասնակցել է Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը՝ միջազգային մասնագիտական հանրությանը ներկայացնելով Ազգային գրադարանի գործունեությունը, մասնագիտական փորձը և զարգացման ռազմավարական ուղղությունները։ Առանձնակի ուշադրության է արժանացել Հայաստանի՝ WorldCat.org համաշխարհային համահավաք գրացուցակին միանալու փաստը, որը կարևոր քայլ է հայկական գրավոր մշակութային ժառանգության միջազգային տեսանելիության, հասանելիության և համաշխարհային գրադարանային տեղեկատվական համակարգում ներկայացվածության ընդլայնման ուղղությամբ։

✔️ #WLIC_2026-ի շրջանակում Աննա Չուլյանը մասնակցություն է ունեցել նաև Ազգային գրադարանների տնօրենների համաժողովի (Conference of Directors of National Libraries) աշխատանքներին։ CDNL-ը ազգային գրադարանների ղեկավարների միջազգային մասնագիտական հարթակ է, որը հնարավորություն է տալիս տարբեր երկրների ազգային գրադարանների տնօրեններին քննարկելու ազգային գրադարանների առջև ծառացած ռազմավարական խնդիրները, փոխանակելու կառավարման և մասնագիտական փորձը, ինչպես նաև ձևավորելու միջազգային համագործակցության նոր ուղղություններ։ CDNL-ի հանդիպումները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի ազգային գրադարանի համար, քանի որ հնարավորություն են ընձեռում աշխարհի ազգային գրադարանների ղեկավարների հետ քննարկելու ոլորտի առաջնահերթությունները՝ ազգային և թվային ժառանգության պահպանությունն ու թվայնացումը, արհեստական բանականության և միջազգային ստանդարտների կիրառումը, ազգային մատենագիտության և էլեկտրոնային պարտադիր ավանդի զարգացումը, հեղինակային իրավունքի և թվային հասանելիության խնդիրները, մշակութային դիվանագիտության և ազգային ինքնության պահպանման հարցերը, ինչպես նաև կառավարման, ֆինանսավորման, մարդկային ռեսուրսների զարգացման և միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությունները։

✔️Համաժողովը հաստատեց, որ այս գործընթացները առանձին տեխնոլոգիական նախագծեր չեն, այլ ամբողջ աշխարհում ազգային գրադարաններում տեղի ունեցող ավելի լայն համակարգային փոխակերպման մաս։ Ազգային գրադարանները պետք է զարգանան որպես ապագային միտված հաստատություններ՝ միաժամանակ պահպանելով իրենց հիմնարար առաքելությունը՝ որպես ազգային մշակութային հիշողության պահապաններ։

✔️Միջազգային այս հարթակներում Հայաստանի ազգային գրադարանի ներկայացվածությունը կարևոր նշանակություն ունի նաև հայկական մշակութային և փաստաթղթային ժառանգության միջազգային տեսանելիության բարձրացման, Հայաստանի մասնագիտական փորձի ներկայացման և մշակութային դիվանագիտության զարգացման տեսանկյունից։