Звоните
окт 08, 2025 Новости
Աստանայում տեղի ունեցավ IFLA-ի 89-րդ Գրադարանների և տեղեկատվության համաշխարհային կոնգրեսը, որը մեկ անգամ ևս ընդգծեց գրադարանների դերն ապագայի ձևավորման գործում: Քննարկվող թեմաները բազմազան էին՝ հանրահասանելի գիտությունից մինչև Արհեստական բանականություն, հեղինակային իրավունք, կայունություն և թվային մշակութային ժառանգություն: Գրադարանները ներկայացվեցին ոչ միայն որպես գիտելիքի պահապաններ, այլև որպես սոցիալական փոփոխությունների ակտիվ գործակալներ։ Որպես IFLA-ի Ազգային գրադարանների մշտական հանձնաժողովի անդամ՝ Կոնգրեսին մասնակցում էր նաև Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը՝ ներկայացնելով Հայաստանի գրադարանային համայնքի փորձն ու փորձառությունը միջազգային հարթակում:
Օգոստոսի 17-ին տեղի ունեցավ հանձնաժողովի աշխատանքային նիստը, որտեղ վավերացվեցին 2025-2029 թթ. ընտրությունների արդյունքները և ներկայացվեցին նոր անդամները։ Նիստի ընթացքում ամփոփվեցին հանձնաժողովի կատարած մեկամյա աշխատանքները, ուղենշվեցին հանձնաժողովի աշխատանքների ճանապարհային քարտեզը և գործողությունների պլանը։ Հատուկ նշվեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի արդյունավետ մասնակցությունը Մատենագիտական վերահսկողության կոմիտեի աշխատանքներին՝ որպես փորձագետ՝ մատենագիտական վերահսկողության հռչակագրի աշխատանքներում ներգրավված լինելու համար։ Հանձնաժողովը կազմակերպել էր «Հավաքագրումը թվային աշխարհում. ներառականություն և կայունություն» (Collecting in a Digital World: Inclusivity and Sustainability) թեմայով նիստ, որին ներկայացվեցին թվային դարաշրջանի Ազգային գրադարանային հավաքածուների համալրման մոտեցումները։
ՀԱԳ տնօրենը մի շարք հանդիպումներ և քննարկումներ է ունեցել միջազգային գրադարանային և տեղեկատվական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համատեղ ծրագրեր և համագործակցության մի շարք հեռանկարներ։ Կոնգրեսի կարևոր նախաձեռնություններից էր Digital Cultural Heritage Network-ի գործարկումը, որը համախմբում է գրադարանները՝ մշակութային թվային ժառանգությունը պահպանելու և հանրամատչելի դարձնելու նպատակով: #IFLA_WLIC_2025-ը կրկին հաստատեց՝ գրադարանները ոչ միայն տեղեկության աղբյուր են, այլև գիտելիքի, մշակույթի պատասխանատու ապագայի կառուցման կենտրոններ: IFLA - International Federation of Library Associations and Institutions