Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովի շրջանակում գրադարանի մեծ ցուցասրահում առաջին անգամ ներկայացված են ՀԱԳ անձեռնմխելի գրականության բաժնի՝ Ֆրանսիայում հրատարակված հայերեն և ֆրանսերեն հնատիպ գրականության և մամուլի բացառիկ նմուշներ:
Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնում պահպանվում է 2692 միավոր ֆրանսերեն գրականություն, որից մի փոքր մաս ցուցադրված է մեծ ցուցասրահում։ Ցուցադրված ամենահին ֆրանսերեն գիրքը «ZONORAS JEAN» (LES HISTOIRES ET CRONIQUES DU MONDE. - PARIS: PIERRE L' HUILLIER։ 1583, 989 p.) գիրքն է։
Հավաքածուում մեծ թիվ են կազմում բառարանները, հանրագիտարանները պատմական և ճանապարհորդական աշխատություններ:
Հավաքածուում պահպանվող ֆրանսերեն ամենավաղ ժամանակաշրջանի գիրքը 1552թ. Փարիզում հրատարակված «Համընդհանուր տիեզերագնացություն» գիրքին է: 1739 թվականին Նիդեռլանդների Հաագա քաղաքում տպագրված Եթովպիացիների և հայերի քրիստոնեության պատմությունը ևս ցուցադրված գրքերի ցանկում էին։ 1702թ. Փարիզում տպագրված Ֆրենսիս Բեկոնի «Նոր Ատլատիդա» աշխատությունը, Դենի Դիդրոյի «Հանրագիտարան»-ի 4-րդ հատորը՝ տպագրված Փարիզում 1754 թվականին, Պլուտարքոսի 1787-ին տպագրված ստեղծագործությունները ևս ներառված էին ցուցադրվող գրականության մեջ։
Ի դեպ, 17-րդ դարում Փարիզում տպագրված առաջին հայերեն գործը զետեղվել է Կլոդ Դյուրե Բուրբոնուայի՝ 1613 թվականին հրատարակած «Գանձ աշխարհի լեզուների պատմության» աշխատության մեջ, որում հայոց լեզվին նվիրված հատվածում տեղ է գտել հայերեն փայտափորագիր այբուբենը։ 1633 թվականին Փարիզի Կայսերական տպարանում լույս է տեսել Ֆրանցիսկ Ռիվոլայի «Բառագիրք Հայոց» (հայերեն–լատիներեն) բառարանի երկրորդ հրատարակությունը, որը Փարիզում հրատարակված առաջին հայերեն գիրքն է։