Звоните
мар 31, 2026 Новости

Հայաստանի ազգային գրադարանը հետևողական աշխատանք է իրականացնում սփյուռքահայ մամուլի ուսումնասիրության, հանրահռչակման և արժևորման ուղղությամբ։ Այդ նախաձեռնությունների շրջանակում ներկայումս ընթանում է Բեյրութում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի ամբողջական մատենագիտության կազմումը։ Մեր մատենագետների կողմից արդեն իսկ իրականացվում են «Ազդակ»-ի մատենագիտության կազմման աշխատանքները, որոնք նպատակ ունեն համակարգել և գիտական շրջանառության մեջ դնել թերթի հարուստ բովանդակությունը։ Նախատեսվում է, որ այս ծավալուն աշխատությունը կհրատարակվի 2027 թվականին՝ «Ազդակ»-ի 100-ամյակի առթիվ՝ դառնալով արժեքավոր ուղեցույց հատկապես սփյուռքահայ կյանքի, պատմության և մամուլի ուսումնասիրությամբ զբաղվող հետազոտողների համար։
Այս նախաձեռնությունը կյանքի կոչվեց Հայաստանի ազգային գրադարանի և «Ազդակ» օրաթերթի խմբագրակազմի միջև 2021թ. կնքված փոխըմբռնման հուշագրով, որը նախատեսում է համագործակցության լայն շրջանակ՝ համատեղ ծրագրերի իրականացումից մինչև թվայնացման աշխատանքներ և մասնագիտական փորձի փոխանակում։ Արդեն իսկ «Ազդակ»-ի ամբողջական թվայնացված արխիվը պահպանվում է Ազգային գրադարանում, ինչը կարևոր քայլ է սփյուռքահայ մամուլի ժառանգության պահպանման և հասանելիության ապահովման ուղղությամբ։ Օրերս աշխատանքային այցով Հայաստանի ազգային գրադարանում էր օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարեանը Shahan Kandaharian, ով ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին, մասնակցեց քննարկումներին և գրադարանին նվիրեց «Ազդակ»-ի 2026 թ. «Բացառիկ»-ը։ «Ազդակ»-ի մատենագիտության կազմումը ոչ միայն կարևոր գիտական նախաձեռնություն է, այլև նախադեպային քայլ՝ սփյուռքահայ մամուլի համակարգված ուսումնասիրման և Հայաստանի ազգային գրադարանի հենքի վրա այն կենտրոնացնելու ճանապարհին։
1927 թվականից լույս տեսնող «Ազդակ» օրաթերթը մինչ այսօր անընդմեջ շարունակում է իր գործունեությունը՝ հանդես գալով որպես սփյուռքահայ մամուլի առանցքային հարթակներից մեկը՝ կարևոր դեր ունենալով աշխարհի տարբեր համայնքներում հայ գրի, լեզվի ու մշակույթի պահպանման գործում։ Մեծածավալ, բազմաբովանդակ այս օրաթերթը (հրատարակվում է շաբաթը վեց անգամ) մշտապես անդրադառնում է միջազգային, տարածաշրջանային, լիբանանյան և հայաստանյան իրադարձություններին՝ ապահովելով բազմակողմանի տեղեկատվական հոսք։ Հայերենով հրատարակվելը «Ազդակ»-ին տալիս է առանձնահատուկ դեր՝ որպես սփյուռքում հայոց լեզվի պահպանման ու տարածման գործուն միջոց։ Բացի հիմնական թողարկումներից, օրաթերթը պարբերաբար ներկայացնում է նաև թեմատիկ հավելվածներ՝ «Պզտիկ-Մզտիկ», «Անահիտ», «Նավասարդ», ինչպես նաև ամսական հանդես և տարեկան ամփոփիչ հրատարակություններ, որոնք կարևոր աղբյուր են տարբեր ոլորտների ուսումնասիրության համար։ «Ազդակ» օրաթերթի թվայնացված համարները հասանելի են Հայ մամուլ շտեմարանից՝
