Call us
Jan 25, 2025 News Book Map of Armenia
Վերջին տասնամյակներին հանրային գրադարաններում ընթերցողական կազմի փոփոխություններով պայմանավորված Հայաստանի գրքային ամենամսյա քարտեզի վրա հայտնվող գրքերի անունները կարելի է գոնե մոտավոր ճշտությամբ կռահել: Պատճառն այն է, որ ընթերցողների գերակշիռ մասը դպրոցականներ և ուսանողներ են: Ուստի բնական է, որ տվյալ ամսին քարտեզի վրա հայտնվում են ուսումնական ծրագրերով հանձնարարվող գրքերի շապիկները:
Մինչդեռ ժամանակակից հեղինակների ինքնուրույն և թարգմանական գրականությունը գրքային քարտեզներում հայտնվելու համար պիտի իր ճանապարհը ինքնուրույն և մրցակցային պայքարում հարթի: Մեր գրառումներին հետևողները քարտեզի վրա տեսնում են միայն որևէ ամսվա ընթացքում տվյալ մարզի գլխավոր գրադարանում ամենից շատ կարդացված գրքի շապիկը: Մինչդեռ գրադարանների միացյալ համադրված վիճակագրությամբ կազմվող ամենից շատ կարդացված գրքերի տասնյակը միշտ տարբեր է լինում:
Ներկայումս մեր երկրի հանրային գրադարաններից մոտ 300 հազար ընթերցող է օգտվում, որը փոքր ինչ պակաս է բնակչության ընդհանուր թվի 10 տոկոսից: 2024թ. ամենաընթերցվող գրքերի ցուցակների կազմմանը հանրապետության բոլոր 10 մարզերից 15 գրադարան և գրադարանային համակարգ է մասնակցել: Ցուցակում մշտապես 100-110 գիրք է լինում, որտեղ մշտաբնակ հեղինակներ կան՝ Րաֆֆի, Նար-Դոս, Վարդգես Պետրոսյան, Ագաթա Քրիստի, Ալեքս Մայքլիդիս, Ուիլյամ Սարոյան, Ռեմարկ, Խալեդ Հոսեյնի, Էլիֆ Շաֆաք և շատ ուրիշներ:
Ծանոթացեք դեկտեմբերին Հայաստանի գրադարաններում առավել շատ ընթերցված և պահանջարկ ունեցող գրքերի տասնյակին: Ինչպես տեսնում եք առանձին գրադարանների և համադրված ընթերցանության միացյալ ցուցակներում միայն երկու գիրք է կրկնվում: Դրանք են ցուցակի 1-ին և 2-րդ հորիզոնականների գրքերը. Վահան Թոթովենց «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» Աշոտ Աղաբաբյան «Սև հովազ» Ալեքսանդր Շիրվանզադե «Քաոս» Ջեկ Լոնդոն «Մարտին Իդեն» Օլդոս Հաքսլի «Չքնաղ նոր աշխարհ» Ժոզե Սարամագուի «Կայեն» Գոհար Նավասարդյան «Սիրելուց հետո» Ռուբեն Եսայան «Թունելից 13 կմ հեռավորության վրա» Վարդգես Պետրոսյան «Վերջին ուսուցիչը» Ռուբեն Եսայան «Վանականներն ունեն գաղտնիք»
Աշոտ Աղաբաբյանի «Սև հովազ 1» և «Սև հովազ 2» վեպերը ցուցակի երկրորդ հորիզոնականում են հիմնականում Երևանի և Տավուշի մարզի ընթերցողների աջակցությամբ: Իսկ Կոտայքի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի պատանեկան տարիքի ընթերցողների ակտիվության շնորհիվ դեկտեմբերյան տասնյակում ժամանակակից գրող Ռուբեն Եսայանը միանգամից երկու գրքով է ներկա: