Call us

Դպրոցականների մասնակցությամբ «Ուրախ գրադարան» մրցույթ Հայաստանի ազգային գրադարանում

Apr 18, 2026 Events

IMG-0387-1-1

Ազգային գրադարանային շաբաթվա ծրագրի շրջանակում այսօր Հայաստանի ազգային գրադարանում անցկացվեց «Ուրախ գրադարան» խաղ-մրցույթը։ Մրցույթին մասնակցեցին Երևանի Hakob Kojoyan art school «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի 11-րդ դասարանի և «Մխիթար Սեբաստացի» կ/հ / Mkhitar Sebastatsi EduComplex կրթահամալիրի 10-11-րդ դասարանների աշակերտներից կազմված թիմերը՝ ցուցադրելով իրենց գիտելիքները, արագ կողմնորոշվելու կարողությունը և թիմային աշխատանքի հմտությունները։

Մրցույթի ընթացքում ստեղծվել էր այնպիսի միջավայր, որտեղ մասնակիցները ոչ միայն մրցում էին, այլև ակտիվորեն բացահայտում գրքի, ընթերցանության և գրադարանային գործի աշխարհը։ Այս ձևաչափը խթանում է դպրոցականների հետաքրքրությունը ընթերցանության հանդեպ, օգնում է ճանաչել գրական բազմազանությունը և զարգացնում տեղեկատվության որոնման ու կիրառման կարևոր հմտությունները։

Մրցույթի փուլերը ներառում էին՝

🔹 «Ճանաչի՛ր գիրքը կամ պատմվածքը»

🔹 «Ճանաչենք հայ գրողներին իրենց ծննդյան անունով»

🔹 «Դասավորել գրքերը ըստ գիտության ճյուղերի»

🔹 Դերախաղ՝ «խորհրդատու գրադարանավար»

🔹 Մատենագիտական նկարագրությունների կազմում

Այս առաջադրանքները հնարավորություն տվեցին մասնակիցներին պատկերացում կազմել գրադարանավարի մասնագիտության կարևորության և բազմաշերտ բնույթի մասին՝ սկսած գրականության ճանաչումից և դասակարգումից մինչև ընթերցողի հետ աշխատանք և տեղեկատվության համակարգված ներկայացում։

Մրցույթի արդյունքները գնահատեց ժյուրին՝

▪️ ՀԱԳ տնօրեն Աննա Չուլյան

▪️ Ուսուցիչ Արսեն Վարդանյան

▪️ Գրադարանավար Ներսես Հայրապետյան

▪️ Գրող, թարգմանիչ Անուշ Սարգսյան

Մրցույթի ավարտին բոլոր մասնակիցները ստացան խրախուսական մրցանակներ՝ գրքեր, իսկ հաղթող թիմը՝ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաները, իրենց ամբողջ դասարանի համար ստացան Հայաստանի ազգային գրադարանի գրատպության թանգարան այցելության անվճար տոմս։

«Ուրախ գրադարան» խաղ-մրցույթը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ժամանակակից գրադարանը ոչ միայն գրքերի պահոց է, այլ կենդանի կրթական միջավայր, որտեղ ձևավորվում են գիտելիք, արժեքներ և ապագա մասնագիտական կողմնորոշում։ #Ազգային_գրադարանային_շաբաթ #Ուրախ_գրադարան @подписчики