Call us
Հայաստանի ազգային գրադարանում էր մեր վաղեմի բարեկամ, Ամստերդամի Մաթէոս Ծարեցու անվան գրադարանի պատասխանատու Աննա Մարիա Մատտաարը։ Մատտաարը հոկտեմբերի 3-4-ը գրադարանում անցկացվելիք «Ժառանգության պահպանություն հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովի մասնակիցներից է։
Աննա Մարիան մշտապես օգնում է գրադարանի հավաքածուների համալրմանը։ Հայաստան գալիս իր հետ գրքեր է բերում, իսկ Հոլանդիայից մեզ է ուղարկում ՀԱԳ-ում բացակայող հայերեն հրատարակությունների թվային պատճեները, որոնցով համալրվում են գրադարանի առցանց շտեմարանները։ Այս անգամ նա գրադարանին նվիրեց Ամստերդամի հայ երիտասարդների միության «Խորհուրդ» ամսագրի 2017-2023թթ. հավաքածուն։ Հոգևոր բովանդակությամբ հավաքածուն լույս է տեսնում հոլանդերեն։ Ունի ամփոփիչ տարեկան թողարկում։ Աննա Մարիան նաև շուրջ 10 հայագիտական գրքեր նվիրեց գրադարանին։
Ամստերդամի Մաթէոս Ծարեցու անվան գրադարանը տեղավորված է հայկական Սուրբ Հոգի եկեղեցում, որը կառուցվել է 1714 թ-ին։ Ծարեցու անվան գրադարանի գրացուցակում ներկայում մոտ 1400 գիրք կա։ Եվս 300 անուն գիրք դեռևս մատենագրված չէ։ «Հետնատունը. երիտասարդ աղջկա օրագիրը | Աննը Ֆրանկ» հանրահայտ գրքի թարգմանիչ Աննա Մարիա Մատտաարը գիտաժողովում ելույթ կունենա «Ընթերցվող կին գրող՝ Աննը Ֆրանկն ու իր օրագիրը» թեմայով։