Call us

Աննա Չուլյանը այցելել է Ֆրանսիայի գրավոր ժառանգության ինստիտուտներ

Dec 03, 2024 News

գործուղում 2

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ֆրանսիայի Հանրապետության ազգային ժառանգության ինստիտուտի հետ համագործակցության շրջանակում նոյեմբերի 26-30-ը Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը և Մատենադարանի ու Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենները այցելել են Ֆրանսիայի գրավոր ժառանգության ինստիտուտներ։

գործուղում 3

Հայկական պատվիրակության անդամները եղել են Ֆրանսիայի Ազգային ժառանգության ինստիտուտում, Ֆրանսիայի ազգային գրադարանում, Ազգային արխիվում, Տեքստերի հետազոտության և պատմության ինստիտուտում, Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում, Խարտիաների ազգային դպրոցում, Արվեստի պատմության ազգային ինստիտուտում և Փարիզի Սամուելյան գրախանութում։ Հանդիպումների և բանակցությունների ընթացքում այդ ինստիտուտների ղեկավարների և մասնագետների հետ քննարկվել են համագործակցության հարցեր և հեռանկարային ծրագրեր։

գործուղում 5

Ֆրանսիայի ազգային գրադարանի նախագահ Ժիլ Պեկուի և միջազգային հարաբերությունների տնօրեն Ժան Ֆրանսուա Ղոզոյի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2025-ի ապրիլի վերջին համագործակցության հուշագիր կնքել Հայաստանի ազգային գրադարանի հետ։ Հաշվի առնելով Ֆրանսիայում տպագրված հայկական ժառանգության բազմազանությունն ու հարստությունը և Հայաստանում այժմ պակասող նյութերը՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել էլեկտրոնային տարբերակներով համալրելու ՀԱԳ «Հայ գիրք» և «Հայ մամուլ» թվային շտեմարանները։

գործուղում 4

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Ֆրանսիայի ազգային գրադարանային հավաքածուի տարեկան տվյալներ ՀԱԳ-ին փոխանցելու մասին, որով ՀԱԳ «Արմենիկա» հավաքածուն կլրացվի Ֆրանսիայում հայերեն կամ հայերենից թարգմանված ու տպագրված գործերով և հայագիտական նյութերով։ Ֆրանսիայի ազգային գրադարան և Ազգային արխիվ այցի ընթացքում հանդիպումներ են եղել թվայնացման կենտրոնում ու վերականգնման և պահպանման բաժնում։ Թվայնացման կենտրոնում հայ մասնագետները ծանոթացել են տարբեր ձևաչափերի և տեսակի նյութերի թվայնացման տեխնիկայի և մեթոդաբանության առանձնահատկություններին։ Քննարկումներ են եղել թվայնացված պաշարների պահպանության խնդիրների շուրջ։

գործուղում 6

Հայաստանի ազգային գրադարանը Ֆրանսիայի գրավոր ժառանգության այս բոլոր ինստիտուտների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել փորձի փոխանակման, մասնագիտական զարգացման և համատեղ հետազոտական ծրագրերի և ցուցահանդեսների կազմակերպման վերաբերյալ։