Հեռախոսահամար
դկտ 10, 2025 Սինէ-ակումբ

Աշխարհի ամենաանսովոր, արտասովոր ու ամենաանսովորական կատակերգությունը՝ լեգենդար Ժակ Տատիի ոչ պակաս լեգենդար «Իմ քեռի» ֆիլմով Սինե-ակումբը եզրափակեց այս տարին։ Mon Oncle (1958) - Ժակ Տատիի անմոռանալի դասականը, որն իր նուրբ հումորով ու սոցիալական դիտարկումներով դարձավ ֆրանսիական կինոյի էջանիշներից մեկը։ Ֆիլմը ներկայացնում է Միսյե Յուլոյի և նրա ընտանիքի միջև ձևավորված հակադրությունը՝ մարդկային ջերմությամբ լի ավանդական կյանքի ու մեխանիկացված, «կատարյալ» մոդեռն աշխարհի միջև։ Տատիի այս կինոնկարը արժանացել է Օսկարի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» մրցանակին և մինչ այսօր էլ պահպանել իր արդիականությունը։
Ֆիլմում գրեթե չկան ավանդական երկխոսություններ․ Տատին հատուկ ընտրել էր «տեսողական հումորի» ձևը, որպեսզի հանդիսատեսը պատմությունն ընկալի շարժման, ձայնային դետալների ու միջավայրի միջոցով։ Այս մոտեցումը դարձավ նրա հեղինակային ձեռագիրը և ազդեց բազմաթիվ հետագա ռեժիսորների վրա։
Չորրորդ տարին անընդմեջ Ֆրանսիայի դեսպանությունը/Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը և «Ֆիլմադարան» ՀԿ-ն շարունակում են Հայաստանի ազգային գրադարանում կազմակերպել ֆրանսիական կինոյին նվիրված Սինե-ակումբը։ Այս տարի ակումբը եզրափակվում է ֆրանսիական 5 դասական գլուխգործոցների ցուցադրությամբ։ Ազգային գրադարանի մեծ և հյուրընկալ դահլիճում կհանդիպենք 2026 թվականի մարտ ամսից...
