Հեռախոսահամար
սպտ 24, 2026 Սինէ-ակումբ

Սինե-ակումբը վերադարձավ ամառային արձակուրդից՝ Մաքս Լինդերի ֆիլմերով Հայաստանի ազգային գրադարանում կայացավ Սինե-ակումբի հերթական հանդիպումը, որի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու ֆրանսիական համր կինոյի ամենահայտնի դեմքերից մեկի՝ Մաքս Լինդերի երկու նշանակալի ֆիլմերը՝ «Օգնեցե՛ք» (Au secours!, 1924) և «Յոթ տարվա դժբախտությունը» (Seven Years Bad Luck, 1921)։ Մինչ Չարլի Չապլինի համաշխարհային ճանաչումը Մաքս Լինդերն արդեն ձևավորել էր էկրանային կատակերգության մի ամբողջ լեզու՝ իր ճանաչելի կերպարով, էլեգանտ շարժուձևով և իրավիճակային հումորով։ Նրա ազդեցությունը հետագայում զգալի էր նաև այլ մեծ կատակերգուների ստեղծագործության վրա։
«Յոթ տարվա դժբախտությունը» Լինդերի ամերիկյան շրջանի ամենահայտնի ֆիլմերից է։ Ֆիլմի ամենանշանավոր դրվագներից մեկը կոտրված հայելու տեսարանն է․ հայելու փոխարեն խոհարարը կանգնում է շրջանակի հետևում և կրկնօրինակում Լինդերի հերոսի յուրաքանչյուր շարժումը։ Տեսարանը հետագայում դարձավ կինոկատակերգության դասական հնարք և հիշվում է նաև Մարքս եղբայրների «Բադի ապուր» ֆիլմի համանման տեսարանի համատեքստում։ Իսկ «Օգնեցե՛ք» ֆիլմը ստեղծվել է բավական արտասովոր պայմաններում։ Ֆիլմի ռեժիսոր Աբել Գանսը և Մաքս Լինդերը պայմանավորվել էին փորձել ֆիլմ նկարահանել ընդամենը երեք օրում։ Արդյունքում ստեղծվեց 1924 թվականի կարճամետրաժ համր կատակերգություն՝ միաժամանակ հումորի և սարսափային մթնոլորտի տարրերով։
Այսպիսով, Սինե-ակումբի նոր հանդիպումը հնարավորություն էր ոչ միայն դիտելու վաղ շրջանի կինոյի երկու ուշագրավ աշխատանք, այլև վերադառնալու այն ժամանակաշրջան, երբ կինոն դեռ առանց ձայնի կարողանում էր ստեղծել կերպարներ, պատմություններ և հումոր, որոնք շարունակեցին ապրել տասնամյակներ անց։ «Կինոն փոխում է աշխարհը․ Ֆրանսիա 1895–2026» ծրագրի շրջանակում Սինե-ակումբը շարունակում է երկխոսությունը ֆրանսիական կինոյի տարբեր ժամանակաշրջանների և սերունդների միջև՝ ներկայացնելով, թե ինչպես են կինոլեզուն, գեղագիտությունն ու հասարակական թեմաները փոխվել ավելի քան մեկ դարի ընթացքում։ Սինե-ակումբը, որն այս տարի նշում է իր 5-ամյակը, Հայաստանի ազգային գրադարանի, Ֆրանսիայի դեսպանության/Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի Institut français d'Arménie և «Ֆիլմադարան» ՀԿ-ի Filmadaran Film Culture Development NGO համատեղ նախագիծն է։
