Հեռախոսահամար
հլս 03, 2026 Միջոցառումներ

Այսօր Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում հետազոտող, հոգեբանական գիտությունների թեկնածու, Ռոդ Այլենդի Բրաունի համալսարանի պրոֆեսոր Վիտալի Յանկոյի հետ։ Վիտալի Յանկոյի կարևորագույն գիտական աշխատություններից է «Armenica»-ն։ Այն եզակի մատենագիտական ուսումնասիրություն է, որը մեկտեղում է Հայաստանին և հայությանն առնչվող օտարալեզու գրականության լայն շրջանակ՝ ներառելով ինչպես նորահայտ, այնպես էլ նախկինում հայտնի, սակայն տարբեր մատենագիտական ցանկերում չընդգրկված աղբյուրներ։
Գիրքը պարունակում է 1935 արևմտյան, եվրոպական, ասիական և այլ ոչ հայկական աղբյուրների վերաբերյալ տեղեկություններ՝ ընդգրկելով 16-րդ դարից մինչև 2015 թվականը հրատարակված նյութեր։ «Armenica»-ն առանձնանում է նաև նրանով, որ առաջին անգամ մեկ աշխատության մեջ համակարգված ներկայացված են հայությանը վերաբերող օտարալեզու գրքերի լատինատառ ցանկերը՝ մեծ մասի դեպքում ուղեկցված հեղինակային ծանոթագրություններով։ «Armenica»-ն հրատարակվել է ընդամենը 50 օրինակով և նախատեսված է եղել միայն հայագիտական խոշոր կենտրոնների և գրադարանների համար։
Ներկայացվեցին հեղինակի մի շարք այլ հայագիտական աշխատություններ, որոնք ունեն ինչպես գիտական, այնպես էլ վավերագրական ու գրական արժեք։ Հանդիպման ավարտին Վիտալի Յանկոն իր հեղինակած գրքերը ընծայագրերով նվիրեց Ազգային գրադարանին։ Նվիրաբերված գրքերը կհամալրեն գրադարանի հավաքածուն և շուտով հասանելի կլինեն ընթերցողներին և հետազոտողներին՝ որպես հայագիտական և պատմական կարևոր աղբյուրներ։
