ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի գրքային քարտեզ | հունվար

փտր 04, 2026 Նորութիւններ Հայաստանեան տասնեակ

IMG-0387-1-1

#Հայաստանի_գրքային_քարտեզ 2026թ. հունվարի Հայաստանի գրքային քարտեզի կազմմանը մասնակցել են Ազգային գրադարանը, 10 մարզային, 6 քաղաքային և 2 համայնքային գրադարան իրենց մասնաճյուղերով։ Գեղարվեստական գրականության միացյալ ցուցակում 107 անուն գիրք է ընդգրկված։Աշխարհում ամենաշատ թարգմանվող հեղինակի, դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստիի 10, հայ նշանավոր վիպասան Րաֆֆու և թուրք գրող Էլիֆ Շաֆաքի 4, Խալեդ Հոսեյնիի, Մարկ Լևիի, Ռուբեն Եսայանի, Ուիլյամ Սարոյանի, Ռեմարկի և Աննա Ջեյն գրական անվամբ ստեղծագործած ռուս հեղինակի գրքերից 3-ական անուն առավել պահանջված գրքերի ցուցակում են։

Ցուցակը գլխավորում է Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոսը» վեպը։ Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպը, Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» ինքնակենսագրական վիպակը, Գրիգոր Զոհրապի նովելները, Պարույր Սևակի և Համո Սահյանի բանաստեղծությունները և այլ դպրոցական հանձնարարություններ նույնպես տեղ են գտել գրադարանների առավել մեծ պահանջարկ ունեցող գրքերի տասնյակներում։

Հունվար ամսվա միացյալ տասնյակի երկրորդ հորիզոնականում հանրահայտ բեսթսելլերների հեղինակ Դեն Բրաունի «Հրեշտակներ և դևեր» գիրքն է։ Նրան հաջորդում է երտասարդության կողմից սիրված հեղինակ Ռուբեն Եսայանը իր «Մարդասպանը ես եմ» և «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գրքերով։