Հեռախոսահամար
մյս 07, 2026 Հայաստանեան տասնեակ

Ապրիլյան ընթերցանություն
Ապրիլ ամիսը հագեցած էր տարբեր գրադարանային և գրական իրադարձություններով, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել գրադարաններում սպասարկված գրականության ընտրության վրա։ Մարզային և համայնքային ավելի քան 20 գրադարանների ամենապահանջարկված գրքերի միացյալ ցուցակում ավելի քան 115 գիրք կա։
Ամենապահանջարկված հեղինակը Ռուբեն Եսայանն է, որի երեք վիպակները առաջատար գրքերի տասնյակում են։ Հայաստանի ազգային գրադարանի անցկացրած ընթերցանության մարաթոնի անմիջական ազդեցությամբ տասնյակում տեղ են գտել Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ» և «Կրակե շապիկ» գրքերը։ Ամենաընթերցվող գրքերի տասնյակում են նաև Ռաֆայել Մարգարյանի, Պարույր Սևակի, Գրիգոր Քեշիշյանի, Աշոտ Աղաբաբյանի, Ալեքսանդր Շիրվանզադեի և Մարկ Լևիի գրքերը։
Ապրիլյան տասնյակներում հանդիպում են նաև մի շարք նոր անուններ և գրքեր, որոնք վերջին ամիսներին հայտնվել են գրադարանների առավել պահանջարկված գրքերի ցուցակներում։ Դրանց թվում են՝ Աննա Առաքելյանի «Սպանիր ներսիդ թիթեռներին», ամերիկա-բրիտանացի կին գրող, պատմավեպերի հեղինակ Թրեյսի Շևալյեի «Մարգարտե ականջօղով աղջիկը», գերմանահայ գրող Լաուրա Ցվիրտնիայի դեբյուտային «Դրսում մեր անուններն ուրիշ են», Հայկուհի Գյուդակյանի «Թախծի անատոմիան», լատվիացի գրող Մարիս Բերզինշի «Կապարի համը», թուրք գրող Մուրաթ Աթաշի «Արմինե», ամերիկացի աբոլիցիոնիստ, ստրկությունը վերացնելու համար պայքարող գործիչ Սոլոմոն Նորթափի «Տասներկու տարվա ստրկություն», անգլիացի գրող Մարիա Քորելլիի «Սատանայի վիշտը», ամերիկացի գրող Ֆրիդա Մըքֆեդենի «Նա հետևում է քեզ» և այլ գրքեր։
Հայտնի է, որ գրադարաններում մեծ է մարդկանց ոգեշնչող և մոտիվացիոն բեսթսելերների պահանջարկը։ Ապրիլին մեր գործընկերներին խնդրել էինք ներկայացնել նաև ընթերցողների կողմից բարձր պահանջարկ ունեցող նման գրքերը։ Առավել պահանջարկված են Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին»», Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ», Հրաչյա Մանուկյանի «Փոխիր կյանքդ» և Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս ես վախենում եմ» և մի շարք այլ գրքեր։
