ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

«Հայ տպագրության տարեգիրք» — 100-ամյակը

դկտ 12, 2025 Միջոցառումներ

IMG-0387-1-1

Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Հայ տպագրության տարեգիրք» տեղեկատու մատենագիտական հրատարակության 100-ամյակին նվիրված հանդիպում։

🔹 Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի Հայ գրքի և մամուլի ենթաբաժնի վարիչ Աստղիկ Ներսեսյանը հանդես եկավ համապարփակ զեկույցով՝ անդրադառնալով տարեգրքի կազմման երկարամյա ու պատասխանատու աշխատանքին, նրա պատմական զարգացմանն ու կարևոր առաքելությանը։

🔹«Հայ տպագրության տարեգիրք»-ը առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. Պետական Գրապալատում: Անցնելով երկար ճանապարհ և լինելով շարունակական հրատարակություն, այն 2017թվականից շարունակել է հրատարակվել արդեն Հայաստանի ազգային գրադարանում:

🔹«Հայ տպագրության տարեգիրքը» իր 100-ամյա պատմությամբ ունի իր անչափ կարևոր առաքելությունը հայ մատենագիտության և գրադարանագիտության ոլորտում, որի կազմման աշխատանքները իրականացվում են Հայաստանի ազգային գրադարանի Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի նվիրյալ և հմուտ մատենագետների կողմից:

🔹«Հայ տպագրության տարեգիրք» ամենամսյա մատենագիտական ցանկում արտացոլվում են Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում լույս տեսնող գրքերի, թերթերում, ամսագրերում, պարբերական և շարունակվող հրատարակություններում հրապարակված հոդվածների, գրախոսությունների, ատենախոսությունների սեղմագրերի, մատենագիտական նկարագրությունները: Ազգային մատենագիտության «Հայ տպագրության տարեգրքի» ամբողջականությունը կախված է Հայաստանի ազգային գրադարանի՝ հանրապետությունում և սփյուռքում լույս տեսած մամուլի գրականության ժամանակին ու ամբողջական ստացումից:

🔹Միջոցառման շրջանակում ևս մեկ անգամ ընդգծվեց տարեգրքի դերը ազգային գրավոր ժառանգության պահպանման ու համակարգման գործում։

🔹«Հայ տպագրության տարեգիրք» մատենագիտության բոլոր համարները ներկայացված են www.nla.am

կայքում՝ 1925–1993 թթ.՝ https://is.gd/eqvT2n 1994–2025 թթ.՝ https://is.gd/E64dkh «Հայ տպագրության տարեգրքի» պատասխանատու՝ Ն.Դանիելյան, խմբագիր՝ Ա.Ներսեսյան, կազմողներ՝ Ն. Դանիելյան, Ժ. Մանուկյան, Ա. Ներսեսյան, Մ. Հակոբջանյան, Ա. Մինասյան, Լ. Պետրոսյան, Լ. Ղուկասյան, Է. Հակոբյան։ Էջադրող, համակարգչային ձևավորող՝ Շ.Աղաբեկյան։