ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

ՀԱԳ-ում մասնագիտական պրակտիկա է անցկացրել ֆրանսիացի արխիվագետ-հնագրագետ Վադիմ Բոեմը

մյս 24, 2024 Նորություններ-arm

վադ

Հայաստանի ազգային գրադարանում իր երկամսյա մասնագիտական պրակտիկան անցկացրեց ֆրանսիացի արխիվագետ-հնագրագետ, Փարիզի արխիվային գործի համալսարանի ասպիրանտ Վադիմ Բոեմը։ Փետրվարից ապրիլի վերջ նա իր ուսումնասիրություններն անցկացրեց հիմնականում գրադարանի արվեստի, անձեռնմխելի գրականության, հանրային կապերի, օտարալեզու մշակման բաժիններում ու գրադարանի Գրատպության թանգարանում։ Մշակման բաժնում նա սովորեց օգտվել էլեկտրոնային ԿՈՀԱ համակարգից։

Վադիմը նշում է, որ երկու շաբաթ արվեստի բաժնում անցկացնելով և ծանոթանալով Ազգային գրադարանի ֆրանսիական հարուստ հավաքածուի բացառիկ նմուշներին՝ ցանկանում էր դասախոսություն-ցուցադրություն կազմակերպել՝ նվիրված ֆրանսիական ռոմանտիզմին՝ մասնավորապես նկարիչներ Անն-Լուի Ժիրոդե-Տրիոզոնի, Ժերիկոյի, բանաստեղծ Շենյեի և պատմաբան Միշլեի հիշատակին։ Սակայն բաժնի հավաքածուն ուսումնասիրելով՝ նա որոշել է կենտրոնանալ ռոմանտիզմի ժամանակաշրջանի տպագիր արտադրանքի՝ փայտե փորագրություններով և լաթակազմ գրքերի ներկայացման վրա, որոնց բազմազանությունն ու բազմաոճությունը գրավել է նրան։

վադդիմ

Արվեստի և անձեռնմխելի գրականության բաժիններում ուսումնասիրելով համապատասխան գրքերը, Նիկողայոս Արղության- Երկայնաբազուկի հավաքածուն, Վադիմը դասախոսություն պատրաստեց 19-րդ դարի առաջին կեսի գրքի փոփոխությունների վրա՝ կենտրոնանալով գրքային ձևավորումների և գրքային արտադրանքի զանգվածայնացման վրա։ Արդյունքում Ազգային գրադարանի ֆրանսիացի փորձնակի՝ Վադիմի՝ Ֆրանկոֆանիայի երկամսյակի առիթով կազմակերպված հանրային դասախոսությունը «Տպագրությունը Ֆրանսիայում 19-րդ դարի առաջին կեսին. տպագրության, հրատարակչական գործի և հրատարակիչների պատմությունը՝ Ֆիրմին Դիդոյից մինչև Ժյուլ Էցել (1800–1860)» խորագրով էր։ Ապրիլի 16-ի դասախոսության ընթացքում նա ներկայացրեց ու ցուցադրեց ավելի քան 30 հազվագյուտ գիրք։

Ազգային գրադարանում անցկացված պրակտիկայի ընթացքում Վադիմ Բոեմը մասնակցեց նաև Պոեզիայի միջազգային օրվան՝ ընթերցելով ֆրանսիական պոեզիա, ֆրանսիացի հանրահայտ գրող Սիլվեն Տեսոնի և հայտնի լրագրող, «Ֆիգարո» ամսագրի տնօրենի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բյուիսոնի հետ հանդիպմանը, այլ միջոցառումների, մեծ հաճույքով ներկա եղավ կինոցուցադրումներին՝ դիտելով գրադարանի Սինե-ակումբի ֆրանսիական ֆիլմերի ընտրանին։

վադիմբոյեմ

Վադիմը Հայաստանի ազգային գրադարանին նվիրեց պրովանսցի բանաստեղծ, գրականության Նոբելյան մրցանակակիր Ֆրեդերիկ Միստրալի բանաստեղծությունների արժեքավոր ժողովածուն։ Նա ինքն էլ Հայաստանի ազգային գրադարանից հայ նկարիչներին ու Հայաստանի պատմությանը նիրված արժեքավոր գրքեր նվեր ստանացավ։ Հայաստանում նա հասցրեց ընթերցել Գրիգոր Զոհրապի, Սիամանթոյի, Համաստեղի և այլ հայ գրողների ֆրանսերեն թարգմանված գրքերը և նշեց, որ անչափ գերված է հայ գրականությամբ, հատկապես շատ է հավանել Գրիգոր Զոհրապի արձակը։ Վադիմը Ֆրանսիա մեկնեց շատ տպավորված՝ խորին շնորհակալություն հայտնելով Հայաստանի ազգային գրադարանին՝ «իր նման բարդ փորձնակին ցույց տված ջերմ ընդունելության համար»։