ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Երվանդ Տեր-Խաչատրյան 75

ապր 25, 2024 Միջոցառումներ-arm Ցուցահանդեսներ

 

«Գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը բոլոր անշունչ առարկաների մեջ ամենաշնչավորի՝ գրքի մասին գրելու դժվար ու պատասխանատու առաքելությանն է նվիրել իր կյանքը»։ Ֆելիքս Բախչինյան Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում արվեստաբան, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանի 75-ամյակի առթիվ Հայաստանի ազգային գրադարանի կազմակերպած միջոցառումը հենց այսօր էր՝ ապրիլի 15-ին, նրա ծննդյան օրը։

Երվանդ Տեր-Խաչատրյանի ստեղծագործական ուղին ներկայացրեց գրող, գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը։ «Որքան էլ ինձ քաջածանոթ են Ե. Տեր-Խաչատրյանի գրականագիտական ճկուն միտքը, նրա խորքային վերլուծության տաղանդը, լեզվաոճական իմացությունը, գեղագիտական հոտառությունը, միևնույն է, նա չի դադարում զարմացնել և հիացնել իր երբեք տեղում չկանգնող, երբեք չկրկնվող մտքերով ու ընդհանրացումներով»,- գրել է Ֆելիքս Խաչատրյանը իր նոր գրքում՝ «Երվանդ Տեր-Խաչատրյան» մենագրությունում:

Ֆ. Բախչինյանի այս մենագրությունը ներկայացրեց Տեր-Խաչատրյանի ուսանողական ընկերը՝ բանաստեղծ Արտավազդ Նազարյանը։ Նա նաև ավելի քան մեկ տասնյակ գիրք՝ իր ստեղծագործությունների ժողովածուները նվիրեց Ազգային գրադարանին։ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն իր խոսքում նշեց, որ բախտավորություն է կենդանության օրոք գնահատված լինելը, և շատ գովելի է Ֆելիքս Բախչինյանի մենագրության լույս ընծայումն այս օրերին։

Գրադարանի թամանյանական ցուցասրահում բացվել է Տեր-Խաչատրյանի հեղինակած և աշխատասիրած գրքերի ցուցադրություն։ Ի թիվս այլ հրատարակությունների՝ ցուցադրությունը ներառում է արվեստաբանի կազմած, խմբագրած, ծանոթագրած ավելի քան ութ տասնյակ գրքեր և պատկերագրքեր. Կոստան Զարյան (20 գիրք), Սփյուռքի գրողներ (19 գիրք), Վիլհելմ Մաթևոսյան, Հակոբ Հակոբյան, Փանոս Փերլեմեզյան, Էմիլ Գազազ, աշխարհահռչակ այլ նկարիչներ և այլն։