Հեռախոսահամար
մրտ 23, 2025 Միջոցառումներ
Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում գրքատոնին նվիրված միջոցառմանը հրավիրված էին մեր գործընկեր հրատարակիչներ, գրադարանի նվիրատուներ, հանրապետության մարզային և համայնքային գրադարանների աշխատողներ, գրքի, ընթերցանության և գրադարանների աջակիցներ։ Բացման խոսքում ՀԱԳ տնօրեն Աննա Չուլյանը, ներկաներին ողջունելով, կարևորեց գիրք նվիրելու օրվա խորհուրդը։
Ազգային գրադարանում Գիրք նվիրելու օրը հատկանշական էր ավելի քան 15 մարզային և համայնքային գրադարանների համար, որոնք վերջին տարիներին լույս տեսած արժեքավոր գեղարվեստական, ոչ գեղարվեստական և մանկական գրականություն նվեր ստացան ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից։ Նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանն իր խոսքում ընդգծեց, որ ՀՀ նախագահի՝ հանրապետոթյան գրադարաններին գրքեր նվիրելու այս նախաձեռնությունը, երրորդ տարին անընդմեջ իրականացվելով, արդեն, կարելի է ասել, որ ավանդույթ է դարձել:
Միջոցառման ընթացքում Աննա Չուլյանը հրապարակեց երեք հրատարակչությունների անունները, որոնք 2024 թվականին անթերի են կատարել Ազգային գրադարանային հավաքածուի հանդեպ ունեցած պարտավորությունները և իրենց հրատարակած գրքերից պարտադիր օրինակներ են հանձնել Ազգային գրադարանին. նրանց հանձնվեցին «Տարվա օրինապահ հրատարակիչ» վկայագրեր և հայերեն առաջին քարտեզի՝ «Համատարած աշխարհացոյց»-ի օրինակներ։
Միջոցառման գեղարվեստական մասում ելույթ ունեցան «Մաեստրո» մշակութային կազմակերպության «Բյուր Աստղ» ծրագրի սաները: Ազգայինում գրքատոնը շարունակվում է։