ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Բերտրան Բոնելոյի «Գազանը»՝ Սինե-ակումբի հերթական կինոհանդիպումը

մյս 20, 2026 Սինէ-ակումբ

IMG-0387-1-1

Սինե-ակումբում կայացավ Բերտրան Բոնելոյի «Գազանը» ֆիլմի ցուցադրությունը Հայաստանի ազգային գրադարանի Մեծ դահլիճում հերթական անգամ կինոսերները համախմբվել էին Սինե-ակումբի շրջանակում՝ դիտելու ֆրանսիացի ռեժիսոր Բերտրան Բոնելոյի ուշագրավ և քննարկումների առիթ տվող «Գազանը» (2023) ֆիլմը։ Ֆիլմը հանդիսատեսին տեղափոխեց 2044 թվական՝ մի աշխարհ, որտեղ արհեստական բանականությունը ներթափանցել է մարդկային գոյության ամենախոր շերտերը։ Լեա Սեյդուի մարմնավորած գլխավոր հերոսուհու՝ Գաբրիելի անցյալ և ներկա կյանքերի միջև ճամփորդությունը վերածվեց հիշողության, զգացմունքների, վախերի և ինքնության մասին խոր փիլիսոփայական անդրադարձի։

Ցուցադրությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց ներկաների շրջանում՝ դառնալով ոչ միայն կինոդիտում, այլև մտորումների և քննարկումների հարթակ։ Բոնելոյի կինոլեզուն, յուրահատուկ գեղագիտական լուծումները և ժամանակակից աշխարհի նկատմամբ քննադատական հայացքը առանձնահատուկ տպավորություն թողեցին հանդիսատեսի վրա։ «Գազանը» ներկայացվեց «Կինոն փոխում է աշխարհը․ Ֆրանսիա 1895-2026» ծրագրի շրջանակում, որն իրար է կապում ֆրանսիական կինոյի պատմական ժառանգությունն ու արդի կինոարվեստի կարևորագույն ձեռքբերումները։

Սինե-ակումբը շարունակում է իր կարևոր մշակութային առաքելությունը՝ Հայաստանի ազգային գրադարանում ստեղծելով կինոյի, արվեստի և գաղափարների շուրջ երկխոսության յուրահատուկ միջավայր։ 5-ամյա հոբելյանը նշող այս նախագիծը շարունակում է համախմբել կինոյի սիրահարներին՝ ներկայացնելով համաշխարհային կինոարվեստի նշանակալի գործեր։