ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ազգային գրադարանի մասնագետները ներկայացրին միջազգային վերապատրաստման ձեռքբերումները

հնս 16, 2026 Միջոցառումներ

IMG-0387-1-1

«Գրադարանների կրթական համագործակցություն» միջազգային նախագծի «Նոր սերունդ» ծրագրի շրջանակում մայիսի 16-21-ը կազմակերպվել են մի շարք մասնագիտական միջոցառումներ, որոնց մասնակցել են ԱՊՀ երկրների գրադարանային ոլորտի հարյուրավոր մասնագետներ, ղեկավարներ և փորձագետներ։ Համաժողովի ընթացքում անցկացվել է շուրջ 80 միջոցառում՝ մասնագիտական դասընթացներ, աշխատարաններ, կլոր սեղաններ, թեմատիկ քննարկումներ, շնորհանդեսներ և փորձի փոխանակման հանդիպումներ։ Քննարկվել են գրադարանային ոլորտի զարգացման արդի միտումները, թվային վերափոխման գործընթացները, ընթերցողների ներգրավման նոր մեխանիզմները և ժամանակակից գրադարանների գործունեության կազմակերպման արդյունավետ փորձը։

Այսօր Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցներ Արմենուհի Վարդանյանը, Կատյա Անտոնյանը և Իդա Մարգարովան գործընկերների հետ կիսվեցին համաժողովի ընթացքում ձեռք բերած փորձով և գիտելիքներով։ Նրանք ներկայացրին ծրագրի երկու փուլերի արդյունքները՝ նախ անդրադառնալով «Էմոցիոնալ մարում և մասնագիտական սթրեսի հաղթահարման ռազմավարություններ» խորագրով մեկշաբաթյա առցանց վերապատրաստման դասընթացին, ապա՝ Եկատերինբուրգում կայացած «Գրադարանային բլոգերի դպրոց» մասնագիտական ծրագրին։ Դասընթացի շրջանակում ուսումնասիրվել են գրադարանների թվային հաղորդակցության, սոցիալական մեդիայի արդյունավետ կառավարման, բովանդակության ստեղծման և հանրային ներգրավվածության բարձրացման ժամանակակից գործիքներն ու մեթոդները։

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մասնագիտական փորձի ակտիվ փոխանակում, քննարկվեցին համագործակցության նոր հնարավորություններն ու գրադարանային գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործնական լուծումները։