Հեռախոսահամար
մրտ 22, 2025 Միջոցառումներ Գրական հանդիպումներ
Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Ազգային գրադարանում այսօր հանդիպում էր կազմակերպվել ժամանակակից ճանաչված գրող, լրագրող Աշոտ Աղաբաբյանի հետ, որին մասնակցեցին շուրջ երկու տասնյակ մարզային, համայնքային և դպրոցական գրադարաններ։
Գրադարաններն Աշոտ Աղաբաբյանից նվեր ստացան հեղինակի վերջին երկու՝ «Սև հովազ» և «Նմանակը» գրքերի օրինակներ։ Ազգային գրադարանն իր հերթին գրադարաններին նվիրեց Մկրտիչ Սարգսյանի, Երվանդ Ազատյանի, Արա Տեր-Խաչատրյանի գրքերից, որոնք կգոհացնեն գրադարանների տարբեր ճաշակի և հետաքրքրության տեր ընթերցողներին։
Նշենք, որ Աշոտ Աղաբաբյանի գրքերը մշտապես տեղ են զբաղեցնում Հայաստանի ազգային գրադարանի ամենամսյա ամենապահանջարկված գեղարվեստական գրքերի տասնյակներում։ 2024թ. նրա «Սև հովազ», «Ռեզիդենտը», «Գաղտնիքների տիրակալը» և «Մենակը» գրքերը 9 անգամ առաջատար տեղերում են եղել։
Աշոտ Աղաբաբյանն իր բացման խոսքում նշեց, որ շատ է կարևորում գրադարանների հետ կապը և հաճախ է հանդիպումներ ունենում ընթերցողների հետ։ Ջերմ և անկաշկանդ հանդիպման ընթացքում գրադարանների ներկայացուցիչները հետաքրքիր դրվագներ պատմեցին Աշոտ Աղաբաբյանի գրքերի ընթերցանության և առհասարակ իրենց գրադարանների մասին։