Հեռախոսահամար
ապր 08, 2026 Միջոցառումներ

✔Ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակում ապրիլի 7-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ նշանակալի մշակութային իրադարձություն՝ նվիրված «Ակտուալ արվեստ» հրատարակչության 30+1-ամյակին։ Գրադարանի նախագահական սրահում բացվեց հրատարակչության գրականության ցուցադրություն, որտեղ ներկայացված էին տարիների ընթացքում լույս տեսած կարևոր և արժեքավոր հրատարակությունները։
✔«Ակտուալ արվեստ»-ը մշակութային լրատվական միություն ՀԿ է, որն այսօր հրատարակչական գործունեությունից բացի նաև նպաստում է ժամանակակից արվեստի, մշակույթի և մտավոր դաշտի զարգացմանը Հայաստանում։ Հրատարակչությունը ձևավորել է իր առանձնահատուկ ձեռագիրը՝ ընթերցողին ներկայացնելով ոչ միայն գեղարվեստական, այլև տեսական, արվեստաբանական և քննադատական նշանակություն ունեցող գրքեր։
✔Միջոցառման շրջանակում կայացավ նաև «Ակտուալ արվեստ» հանդեսի BAROQUE համարի (#24(30)) շնորհանդեսը։ Հանդեսի գլխավոր խմբագիրներն են Լևոն Գյուլխասյանը, Անի Եղիազարյանը, Դավիթ Մոսինյանը և Վարդան Ֆերեշեթյանը, իսկ հրատարակչության ղեկավարն է Մկրտիչ Մաթևոսյանը։ Սույն համարի նախաձեռնողը Վազգեն Պահլավունի-Թադևոսյանն է՝ Վազօն, իսկ գլխավոր «հյուրը»՝ երաժշտագետ Արաքս Շահինյանը։ Հանդեսը տպագրվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
✔BAROQUE համարը առանձնանում է իր բովանդակային և պատկերային հարստությամբ։ Վազօյի հեղինակած բազմաթիվ հոդվածներին զուգահեռ, ընթերցողին ներկայացվում է նաև լայնածավալ իլյուստրատիվ նյութ՝ բարոկկո արվեստի եզակի նմուշների վերատպություններով, հայտնի և քիչ հայտնի նկարիչների գործերով։ Այս պատկերային շտեմարանը ձևավորվել է Վազօյի անձնական արվեստանոցային արխիվից, որտեղից առանձնացված էջերը հատուկ այս համարի համար Ֆրանսիայից տեղափոխվել են Գյումրի՝ ընտրության և հրատարակության նպատակով։ Ինչպես իր խոսքում նշեց «Ակտուալ արվեստ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Մաթևոսյանը, նյութերի այդ ծավալը պատկերացնելու համար բավական է նշել, որ տեղափոխված էջերի ընդհանուր ծանրոցը կազմել է շուրջ 12 կիլոգրամ, ինչը արժանացել է ոչ միայն զարմանքի, այլև խորին երախտագիտության։
✔Ցուցահանդեսին հաջորդեց «Բարոկ» հանդեսի քննարկումը, որի ընթացքում բանախոսներ Շուշան Հյուսնունցը, Դավիթ Մոսինյանը և Արաքս Շահինյանը անդրադարձան հանդեսի բովանդակային առանձնահատկություններին, դրա մշակութային արժեքին և արդիականությանը։ Նրանք ընդգծեցին, որ «Բարոկ»-ը ոչ միայն թեմատիկ հանդես է, այլև յուրահատուկ հարթակ՝ արվեստի տարբեր դրսևորումների, պատմական շերտերի և ժամանակակից ընկալումների միջև երկխոսություն ստեղծելու համար։ Քննարկման ընթացքում հատուկ շեշտվեց նաև հանդեսի կարևորությունը՝ որպես գիտական և ստեղծագործական նյութերի համադրման օրինակ, որտեղ տեսական վերլուծությունը զուգորդվում է հարուստ պատկերային նյութի հետ՝ ընթերցողին առաջարկելով բազմաշերտ և ամբողջական փորձառություն։
✔Միջոցառման ընթացքում Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, ներկայացնելով «Ակտուալ արվեստ»-ի և Գրադարանի միջև ձևավորված ջերմ ու արդյունավետ համագործակցությունը, ընդգծեց, որ Մկրտիչ Մաթևոսյանը և «Ակտուալ արվեստ»-ը կարևոր դերակատարում ունեն նաև Ազգային գրադարանի Գրատպության թանգարանի ձևավորման գործում, ինչպես նաև ՀԱԳ 105-ամյակի առթիվ բացված Գրադարանի պատմության թանգարանի ինքնատիպ ձևավորման մեջ։ Նա նաև նշեց, որ Մկրտիչ Մաթևոսյանը ՀԱԳ նոր լոգոյի հեղինակն է, որը լայն արձագանք է ստացել ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային գործընկերների շրջանում։
✔Խորհրդանշական օրվա առթիվ Հայաստանի ազգային գրադարանը հանդես եկավ ակտուալ նվերով․ Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակում բացվել է «Ակտուալ արվեստ» հրատարակչության առանձին հավաքածու, որտեղ մեկ հղմամբ ներկայացված են հրատարակչության բոլոր գրքերը՝ մոտ 225 անուն։ https://is.gd/h93P7e
✔Միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց «Ակտուալ արվեստ» հրատարակչության կարևոր դերակատարումը հայ մշակութային կյանքում՝ որպես հարթակ, որտեղ միահյուսվում են ժամանակակից միտքը, արվեստը և գիտական մոտեցումները։
