Звоните
мар 23, 2026 Мероприятия

Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակում փետրվարի 25-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց հայ անվանի լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գրականության ցուցադրություն։ Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՀԱԳ ընդհանուր ընթերցասրահի աշխատակիցների նախաձեռնությամբ։ Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱԳ ընդհանուր ընթերցասրահի վարիչ Նարինե Գևորգյանը՝ ընդգծելով Աճառյանի բացառիկ դերը հայ լեզվաբանության և հատկապես բարբառագիտության զարգացման գործում։ Միջոցառման շրջանակում հանրային դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բ.գ.թ., դոցենտ Ջեմմա Բառնասյանը։
Նա մանրամասն անդրադարձավ Աճառյանի բարբառագիտական գործունեությանը և բարբառագիտության նշանակությանը՝ որպես հայոց լեզվի պատմական զարգացման ուսումնասիրման կարևոր ուղղություն։ Բանախոսը խոսեց նաև մայրենի լեզվի արդի խնդիրների մասին՝ շեշտելով լեզվամշակութային պատասխանատվության, լեզվական ինքնության պահպանման և ժամանակակից մարտահրավերներին գիտակցված դիմակայելու անհրաժեշտությունը։
Ցուցադրությանը ներկայացված են Հրաչյա Աճառյանի հիմնարար աշխատությունները, այդ թվում՝ բառարաններ, բարբառագիտական, պատմալեզվաբանական ուսումնասիրություններ, ինչպես նաև նրա մասին հրատարակված գիտական հոդվածներ, հուշագրություններ և կենսագրական նյութեր։ Առանձին բաժնով ներկայացված են նրա բարբառագիտական աշխատությունները, որոնք մեծ արժեք ունեն հայերենի տարածքային տարբերակների ուսումնասիրության, պահպանման և գիտական համակարգման տեսանկյունից։ Մայրենի լեզվի միջազգային օրվա շրջանակում հատկապես կարևոր ենք համարում հիշեցնել, որ լեզուն մեր ինքնության հիմքն է, իսկ Աճառյանի նման գիտնականների աշխատանքը մեզ օգնում է ավելի լավ ճանաչել և պահպանել մեր լեզվական ժառանգությունը»։ #ՀրաչյաԱճառյան #150ամյակ #ՄայրենիԼեզու #Բարբառագիտություն #ՀայաստանիԱզգայինԳրադարան #ՀԱԳ
