Call us
Sep 09, 2025 Events
«Սարոյանական օրեր» ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանում բացվեց «Սարոյանի մշակութային ազդեցությունը և հայերեն հրատարակությունները» խորագրով ՈւԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆՈՒՄ / գրականության ցուցադրություն: Ցուցադրության էին ներկայացված Սարոյանի գործերի՝ բացառապես հայերեն թարգմանությունները։ Միջոցառման պատվավոր հյուրն էր «Ուիլյամ Սարոյան» հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը։ Նա գրադարանին նվիրեց Սարոյանի բնօրինակ անտիպ նկարչական աշխատանքներից մեկը, որն իր պատվավոր տեղը կգտնի Ազգային գրադարանում։ Սքոթ Սեդրակյանը, խոսելով Սարոյանի գրական ժառանգության կարևորության մասին, հույս հայտնեց, որ մի օր Ազգայինում Սարոյանական անկյուն կգործի։
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը ներկայացրեց նաև Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակում ստեղծված «Ուիլյամ Սարոյան» թվային հավաքածուն https://is.gd/Mc3mhY , որը շարունակաբար կհամալրվի նոր նյութերով՝ դառնալով Սարոյանի գրական ժառանգության ամբողջական շտեմարան։ Սարոյանի հրատարակությունների նոր թարգմանություններից, դրանց կարևորության և անհրաժեշտության մասին խոսեց Սարոյանի գործերի թարգմանիչ Զավեն Բոյաջյանը։ Նրա համոզմամբ՝ այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է նոր թարգմանություններով վերադառնալ Սարոյանի գործերին․ «Շատերը կարծում են, թե Սարոյանի գործերը սպառվում են արդեն հրատարակված ժողովածուներով, բայց հավատացնում եմ՝ բնավ այդպես չէ։ Սարոյանի բազմաթիվ գործեր առանձնակի կարևոր են մեզ՝ հայերիս համար, և դրանք անպայման պետք է թարգմանվեն»։
Իսկ ARLOOPA հավելվածի միջոցով հյուրերը հնարավորություն ունեցան տեսնելու Սարոյանին #Ազգայինում և լսելու նրա ձայնը։ https://is.gd/SWper5 Սարոյանը կրկին վերադառնում է Ազգային գրադարան՝ իր ստեղծագործություններով ու անմահ ներկայությամբ։