Call us

Նվիրատվություն Հայաստանի ազգային գրադարանին

Jun 25, 2024 News Donations

նվիրատվություն
 

Հայաստանի ազգային գրադարանում ամեն օր նվիրատվություններ են ստացվում հայաստանյան և սփյուռքի կազմակերպություններից, անհատներից։ Առանց նվիրատուների անհնար կլիներ հավաքել և Ազգային գրապահոցում պահել բովանդակ աշխարհի տարբեր անկյուններում լույս տեսնող հայատառ և հայագիտական հրատարակությունները։

Երկու գիրք ներկայացնենք մեր երեկվա համալրումներից, որոնք նվեր ենք ստացել Համազգային հայ կրթական և մշակութային միությունից։ Արգենտինահայ միջազգայնագետ, հայերեն, իսպաներեն և անգլերեն մի քանի գրքերի և ուսումնասիրությունների հեղինակ Խաչիկ Տեր Ղուկասյանի «Սահմանելի» բանաստեղծությունների գիրքը (Երևան, «Զանգակ», 2024), որը նաև երկու արձակ շարադրանք է ներառնում։ Հեղինակը գիրքն ընծայագրել է սփյուռքահայ գրականագետ Գրիգոր Պլտյանին։ Գիրքը լույս է տեսել Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հովանավորությամբ։

Գրադարանը նվեր է ստացել նաև սփյուռքահայ գրող Կարո Արմենյանի «Մարմին եւ Արիւն» հատորը, որը լույս է տեսել բանաստեղծ Հարություն Բերբերյանի խմբագրությամբ «Զանգակ» հրատարակչության կողմից։ Ներկա հատորը Կարո Արմենյանի «Մարմին եւ Արիւն» խորագրով արդեն երրորդ գիրքն է։ Հեղինակի բանաստեղծությունների նախորդ հատորները լույս են տեսել 1970-ին և 1977-ին Բեյրութում։ Կարո Արմենյանը ճանաչված տնտեսագետ և ֆինանսական գործիչ է։ Նա արձակ և չափածոյ էջերով թղթակցել է Բեյրութի «Ահեկան», «Սփիւռք», «Բագին» և «Ազդակ-գրական» և Մոնրեալի «Հորիզոն-գրական» պարբերականներին, ինչպես նաև Նյու Յորքի «Մենք»-ին, Փարիզի «Յառաջ»-ին, տպագրվել Երևանի «Նորք» հանդեսում և «Գրական Թերթ»-ում։