Call us

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ

Oct 16, 2024 Events

Ժաննա Անդրեսայան ուղերձ
 

Սիրելի՛ գրադարանավարներ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ: Սա տոն է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են գիրքը, տոն է գիրք ստեղծողների, պահպանողների և ընթերցողների համար:

Գրադարանը մարդկությանը հայտնի ամենահին մշակութային հաստատություններից մեկն է: Այստեղ ամբարվում է այն ամենը, ինչ մարդկությունը հայտնաբերել ու կուտակել է հազարամյակներով, այն է՝ համամարդկային գիտելիքներ, գիտական հայտնագործություններ, աշխարհընկալումների ու ճշմարտությանը հասնելու փնտրտուքների վկայություններ: Հետևաբար գրադարանը քաղաքակրթական զարգացումների վերաբերյալ փաստագրական հիշողությունների պահապանն է:

Մարդկության պատմության երկար ժամանակահատվածում գրադարանների սոցիալական գործառույթները զգալի փոփոխություններ են կրել: Այսօր գրադարանները նպաստում են մարդու կրթության իրավունքի իրացմանը, օգնում վայելել մշակույթի ձեռքբերումները, հանգստանալ, ժամանակ անցկացնել և տեղեկատվություն ստանալ: Դրանք նպաստում են գիտության զարգացմանը, հասարակության և անհատի առաջընթացին: Տեխնոլոգիաների զարգացման և գլոբալ փոփոխությունների տեմպերը գրադարաններին կանգնեցրել են նոր մարտահրավերների առջև, որոնց դիմագրավելու համար ոլորտի պետական քաղաքականության մեջ իրականացնում ենք համալիր միջոցառումներ:

Ընդամենը օրեր առաջ ՀՀ Ազգային ժողովը հաստատեց «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որոնցով գրադարանների օգտագործման նպատակներում ամրագրվեցին տնտեսական և ձեռնարկատիրական, գրադարանային աշխատողների ատեստավորման մասին դրույթները, սահմանվեց «էլեկտրոնային գրադարան» հասկացությունը: Իրավական կարգավորումները նպաստելու են գրադարանների գործառույթների բարելավմանը` գրադարանային հավաքածունեերի համալրման, պահպանության, ուսումնասիրման, հանրահռչակման, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության թվանշանացման առումով, ինչպես նաև տեղեկատվական շտեմարանների և միացյալ ավտոմատացված համակարգերի շարունակական զարգացմանը:

Սիրելի՛ գրադարանավարներ, ձեր ջանքերով գրադարանները մարդկանց համար շարունակում են ճանապարհ բացել դեպի գիտության և իմաստության աշխարհ: Մասնագիտական տոնի նախօրեին շնորհակալություն եմ հայտնում գրադարանների աշխատակիցներին՝ ամենօրյա քրտնաջան աշխատանքի, ազգային և համաշխարհային ժառանգությունը պահպանելու, տեղեկատվություն տրամադրելու և ընթերցողներին մշտապես որակյալ ծառայություններ մատուցելու համար։ Հատուկ երախտիքի խոսք եմ հղում գրադարանային գործի և գրադարանագիտության վետերաններին: Վստահ եմ, որ ձեր աշխատանքը միշտ արժանի արձագանք է գտնում երախտապարտ ընթերցողների սրտերում: Մաղթում ենք ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ: Ավելին՝ այստեղ։