Call us

Հայաստանի գրքային քարտեզը | հոկտեմբեր

Nov 05, 2025 News

IMG-0387-1-1

 

Արժանապատվության, հավատարմության և սիրո մասին ճապոնական ծագմամբ բրիտանացի գրող Կաձուո Իշիգուրոյի բուքերյան մրցանակակիր «Օրվա մնացորդը» վեպը հոկտեմբերին եղել է Հայաստանի հանրային գրադարաններում ամենաշատ կարդացված գիրքը։ Այն ամենապահանջարկված գիրքն է թե՛ մայրաքաղաք Երևանում և թե՛ Արմավիրի մարզային գրադարանում։

 

Ուսումնական տարին դպրոցներում և բուհերում մտել է իր իրավունքների մեջ, որն ինչպես միշտ, անմիջական ազդեցություն ունի գրադարանների սպասարկման ցուցանիշներում։ Ամենաընթերցված հեղինակների և գրքերի ցուցակներում են Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը», Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը», Հրանտ Մաթևոսյանի «Օգոստոսը», Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր» ինքնակենսագրական վիպակը, Պարույր Սևակի պոեմները և բանաստեղծությունները և այլ գրողների երկեր։

Հոկտեմբերին նշվում էր Ավետիք Իսահակյանի 150-ամյակը և նրա բանաստեղծությունները, պոեմները, լեգենդները, զրույցները և հեքիաթները մեծ պահանջարկ են ունեցել։ Գրադարաններում Իսահակյանին նվիրված բազմաթիվ մեծ և փոքր միջոցառումներ էին կազմակերպվել։ Արդեն մի քանի ամիս է, որ ամենապահանջարկված հեղինակների ցանկում է հայտնվել ռուս վաղամեռիկ գրող Աննա Ջեյնը (իսկական անունը Анна Николаевна Потапкина), որի «Երկրպագուն» վեպը զբաղեցնում է տասնյակի հինգերորդ հորիզոնականը։ Աննա Ջեյնը 2023-2024 թվականներին եղել է Ռուսաստանում ամենաշատ վաճառվող գեղարվեստական գրքերի հեղինակը։ Ամենապահանջարկված ստեղծագործությունների տասնյակում են նաև Ալեքս Մայքլիդիսի, Էրիխ Մարիա Ռեմարկի, Խալեդ Հոսեյնիի, Ռուբեն Եսայանի, Աշոտ Աղաբաբյանի գրքերը։