Call us
Mar 23, 2026 Events

Եղիշե Չարենցի ծննդյան օրվա առթիվ Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկեց նոր մշակութային նախագիծ՝ «Ձայնադարանը», որն իրականացվում է «ԱՐԱՐ» ARAR - ԱՐԱՐ երգչախումբի հետ համատեղ։ Նախագիծը մեկնարկեց չարենցյան խոսքերի հիման վրա ստեղծված խմբերգերի ներկայացմամբ։ Ողջունելով ներկաներին՝ ՀԱԳ տնօրեն Աննա Չուլյանը անդրադարձավ նաև նախաձեռնության կարևորությանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի ազգային գրադարանը սիրով է արձագանքել «ԱՐԱՐ» երգչախումբի ղեկավար և խմբավար Գոռ Մելքումյանի առաջարկին՝ նախագիծը կյանքի կոչելու Ազգային գրադարանում։ Այսօր Երևանի ընթերցասեր երիտասարդությունն իր օրվա զգալի մասն անցկացնում է հենց Ազգայինում, և նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս գրադարանի մշակութային միջավայրը հարստացնել նոր ձևաչափերով։
Նախագծի գաղափարի, երգչախմբի ոգևորության և հետագա ծրագրերի մասին խոսեց նաև Գոռ Մելքումյանը՝ ընդգծելով, որ «Ձայնադարանը» շարունակական նախաձեռնություն է և հետագայում կհամալրվի նոր ստեղծագործություններով՝ ընթերցողներին հնարավորություն տալով գրականությունը բացահայտել նաև երաժշտության միջոցով։ Այսուհետ ընթերցողները հնարավորություն ունեն գրադարանի մեծ ցուցասրահում ազատ օգտվելու «Ձայնադարանից» և ունկնդրելու Եղիշե Չարենցի պոեզիայի հիման վրա ստեղծված խմբերգերը՝ «ԱՐԱՐ» երգչախմբի կատարմամբ։ Ձայնադարանում արդեն ներառված են հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Տիգրան Մանսուրյանի «Աշնանային», «Ես իմ անուշ Հայաստանի» և Արեգ Լուսինյանի «Բոլորը քեզ» խմբերգերը։
Միջոցառման ավարտին երգչախումբը Ազգային գրադարանի մեծ ցուցասրահում ներկայացրեց նաև մի քանի կատարում իր երգացանկից՝ հանդիսատեսին պարգևելով երաժշտությամբ լեցուն հաճելի և հիշարժան պահեր։ Գրադարանի մեծ ցուցասրահում ներկայացված էր նաև Եղիշե Չարենցի հարուստ գրական ժառանգության ցուցադրություն։
