ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ժան Էպշտայնի «Աշխարհի վերջը»՝ Սինե-ակումբի էկրանին

հկտ 22, 2026 Սինէ-ակումբ

IMG-0387-1-1

Կարո՞ղ է կինոն պատմել ավելին, քան բառերը։ Կարո՞ղ են ծովի ալիքները, քամին, մարդկային դեմքի խոշոր պլանը կամ ժամանակի անսովոր դանդաղ ընթացքը դառնալ պատմության գլխավոր հերոսները։ Այսօր Հայաստանի ազգային գրադարանում կայացած «Սինե-ակումբի» հերթական կինոդիտումը հենց այսպիսի կինոյի հետ հանդիպում էր։ Էկրանին ֆրանսիական իմպրեսիոնիստական կինոյի ռահվիրաներից մեկի՝ Ժան Էպշտայնի «Աշխարհի վերջը» (Finis Terrae, 1929) համր ֆիլմն էր։ Ֆիլմի գործողությունները ծավալվում են Բրետանի ափերի մոտ գտնվող մեկուսի կղզում, որտեղ չորս ձկնորսներ ջրիմուռ են հավաքում։ Նրանցից մեկի հիվանդությունը սովորական առօրյան վերածում է գոյության համար պայքարի։ Սակայն Էպշտայնին հետաքրքրում է ոչ միայն պատմությունը։ Նրա տեսախցիկի առաջ ծովը դառնում է գործող անձ, բնությունը՝ մարդկային ճակատագրի անբաժան մասնակից, իսկ ժամանակը երբեմն ձգվում է՝ փոխանցելով հերոսների ապրումները։

Հետաքրքիր է, որ ֆիլմի դերակատարներից շատերը պրոֆեսիոնալ դերասաններ չէին։ Էպշտայնը նկարահանումներին ներգրավել էր տեղի բնակիչների և ձկնորսների՝ իրական կյանքն ու կինոարվեստը միավորելով մեկ ստեղծագործության մեջ։ Նկարահանումներն իրականացվել էին Բրետանի իրական կղզային միջավայրում, որտեղ բնության անկանխատեսելիությունն ու մարդկանց առօրյան դարձել էին ֆիլմի գեղարվեստական լեզվի մասը։ Ֆիլմի լատիներեն անվանումը՝ Finis Terrae, նշանակում է «Երկրի վերջը»։ Եվ սա պարզապես աշխարհագրական ակնարկ չէ։ Էպշտայնի կինոյում աշխարհի ծայրը նաև սահմանագիծ է՝ մարդու և բնության, իրականության և երևակայության, կյանքի և մահվան միջև։ Իր ժամանակի համար համարձակ տեսողական լուծումներով, անսովոր խոշոր պլաններով, դանդաղեցված պատկերներով և ռիթմիկ մոնտաժով այս ֆիլմը համր կինոյի այն ստեղծագործություններից է, որոնք հիշեցնում են՝ կինոն նախևառաջ պատկերով մտածելու արվեստ է։ Երբ էկրանին լռություն է, երբեմն հենց այդ ժամանակ է կինոն ամենից շատ խոսում։