ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Նիկոլ Աղբալյան 150

ապր 14, 2025 Նորութիւններ

IMG-0387-1-1

 

Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում ՀԱԳ մեծ ցուցասրահում բացվել է հասարակական–քաղաքական գործիչ, գրականագետ, մանկավարժ, ՀՅԴ անդամ, Հայաստանի Առաջին հանրապետութեան կրթության նախարար, «Համազգային» Հայ Կրթական ու մշակութային Միության հիմնադիր անդամներից Նիկոլ Աղբալյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գրականության և մամուլի ցուցադրություն։

Ներկայացված են Ն.Աղբալյանի կյանքին և գործունեությանը նվիրված հոդվածներ, հեղինակային գործեր, խմբագրած և թարգմանած գրքեր, գրախոսություններ և այլ արժեքավոր նյութեր։

Համառոտ կենսագրություն. Ծնվել է 1873 թվականին Թիֆլիսում։ Նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև՝ Գևորգյան ճեմարանում։ Ուսանել է Մոսկվայի, Լոզանի, Սորբոնի համալսարաններում։ Ուսուցչություն է արել Կաղզվանում, Շուշիում, Թիֆլիսում և այլուր։ Առաջին աշխարհամարտի սկզբից դարձել է Ազգային Բյուրոյի, ապա՝ խորհրդի և կամավորական գնդերի կարգադրիչ անդամ, զբաղվել է հայ գաղթականների տեղափոխման հարցերով։ 1918-1920 թվականներին եղել է ՀՀ խորհրդարանի անդամ, իսկ 1919 թվականին նշանակվել է լուսավորության և արվեստի նախարար։

Եղել է Վերնատան և Հայ գրողների ընկերության անդամ։ Աշխատակցել է «Մուրճ», «Հորիզոն», «Նոր Հոսանք», «Հանդես ամսօրյա» և այլ պարբերականների։ Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո՝ 1921 թվականին, նախ բանտարկվել է, ապա Խորհրդային Հայաստանից տարագրվել է արտասահման։ 1930 թվականից բնակություն է հաստատել Բեյրութում և եղել է Համազգայինի Նշան Փալանճյան Ճեմարանի հիմնադիրը՝ Լևոն Շանթի հետ, որտեղ և դասավանդել է մինչև կյանքի վերջը։ Նիկոլ Աղբալյանը մահացել է 1947 թվականին Բեյրութում։

Հիշատակ Երևանում 1991 թվականից գործում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, Աղբալյանի անունով է կոչվել թիվ 19 միջնակարգ դպրոցը։