НАЦИОНАЛЬНАЯ БИБЛИОТЕКА АРМЕНИИ

Звоните

Տետեյան տպարանը և Տետեյան եղբայրների գործունեությունը հայ տպագրության պատմության մեջ

мар 10, 2026 Новости

XIX դարը հայ մշակույթի պատմության մեջ առանձնանում է ազգային կրթական, գրական և հրատարակչական կյանքի զգալի աշխուժությամբ։ Այս ժամանակաշրջանում հայաբնակ բազմաթիվ քաղաքներում ձևավորվեցին նոր մշակութային կենտրոններ, որոնցում առանձնահատուկ դեր խաղացին հայկական տպարանները և մամուլը։ Այդ կենտրոններից մեկը Զմյուռնիան էր, որը XIX դարում համարվում էր արևմտահայ մշակութային կյանքի կարևոր օջախներից մեկը։ Զմյուռնիայում ձևավորված մշակութային միջավայրում նշանակալի դեր է ունեցել Տետեյան եղբայրների հիմնած տպարանը, որը շուրջ քառասուն տարի ծառայել է հայկական գրականության, թարգմանական գործունեության և կրթական գրականության զարգացման գործին։ Տետեյան եղբայրները՝ Տիգրան Հարություն, Արամ Կարապետ, Հայկ Հակոբ, Ստեփան և Սարգիս Տետեյանները, հանդես են եկել որպես տպարանատեր-հրատարակիչներ, թարգմանիչներ, խմբագիրներ, հասարակական գործիչներ և մշակութային կազմակերպիչներ։ Նրանց գործունեությունը մեծապես նպաստել է արևմտահայ նոր գրականության ձևավորմանը, եվրոպական գրականության հայերեն թարգմանությունների տարածմանը և ազգային կրթական կյանքի զարգացմանը։

 Տետեյան ընտանիքը և սոցիալ-մշակութային միջավայրը

Տետեյան եղբայրների ընտանիքը պատկանում էր Զմյուռնիայի ապահովված և հեղինակավոր հայկական ընտանիքներից մեկին։ Նրանց հայրը՝ Հովհաննես Կարապետի Տետեյանը (1795–1878), հաջողակ վաճառական էր, որը զբաղվում էր Անատոլիայից Եվրոպա գյուղատնտեսական արտադրանքի արտահանմամբ։ Նրա տնտեսական գործունեությունը լայն կապեր էր ստեղծել եվրոպական երկրների հետ և նպաստել ընտանիքի նյութական բարեկեցությանը։ Հովհաննես Տետեյանը հայտնի էր նաև իր ձեռնարկատիրական նախաձեռնություններով։ 1867 թվականին Փարիզում կազմակերպված բուսատեսակների համաշխարհային ցուցահանդեսում նա ներկայացրել էր իր արտադրած և մշակած 54 տեսակ մրգեր ու պտուղներ, ինչպես նաև վարդայուղ։ Այդ ցուցադրության համար նա արժանացել է Մեծ ոսկյա մեդալի և մի շարք այլ մրցանակների։ Այս փաստը վկայում է, որ Տետեյան ընտանիքը ճանաչված էր ոչ միայն Զմյուռնիայում, այլև եվրոպական տնտեսական շրջանակներում։ Տետեյան եղբայրները կրթություն են ստացել Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանում, որը XIX դարում արևմտահայ կրթական կարևոր հաստատություններից էր։ Այս դպրոցը մեծ դեր է ունեցել նրանց մտավոր ձևավորման, լեզվական գիտելիքների զարգացման և մշակութային հետաքրքրությունների ձևավորման գործում։

Տետեյան տպարանի հիմնադրումը

 XIX դարի կեսերին հայ մտավորականության շրջանում աճում էր ազգային գրականության, կրթության և մամուլի զարգացման պահանջը։ Այս պայմաններում Տիգրան Հարություն Տետեյանը նախաձեռնեց Զմյուռնիայում նոր տպարանի ստեղծումը։ 1853 թվականին նա վաճառական հոր ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև հասարակական հանգանակությամբ հավաքված միջոցներով և եղբայրների մասնակցությամբ հիմնադրեց «Տպարան Տետեյան եղբարոց» տպարանը։ Տպարանը դարձավ Զմյուռնիայի հայկական համայնքի կարևոր մշակութային կենտրոններից մեկը և շուրջ քառասուն տարի ակտիվորեն գործեց։ Տիգրան Տետեյանը մեծ ուշադրություն էր դարձնում տպարանի տեխնիկական զարգացմանը։ Սկզբնական շրջանում նա օգտվում էր Մեսրոպյան դպրոցի տպագրական սարքերից, սակայն հետագայում Եվրոպայից ձեռք բերեց ժամանակակից սարքավորումներ։ Նա ձեռք բերեց տառեր ձուլելու սարքեր, տպագրական մեքենաներ, զարդագրեր և զարդագծեր։ Հայկական տառատեսակները գնվել էին Փարիզից և Վիեննայից։ Այսպիսով Տետեյան տպարանը տեխնիկական առումով համարվում էր ժամանակի առաջավոր տպարաններից մեկը, և դրա հրատարակությունները որակով հաճախ համեմատվում էին եվրոպական հրատարակությունների հետ։

Տետեյան տպարանի հրատարակչական գործունեությունը

Տետեյան տպարանը նշանակալի դեր է խաղացել արևմտահայ նոր գրականության զարգացման գործում։ Այստեղ հրատարակվել են ավելի քան 208 հատոր գրքեր, որոնք ընդգրկում էին տարբեր բնույթի հրատարակություններ՝ 

  • գեղարվեստական գրականություն 
  • թարգմանություններ 
  • եվրոպական գրականությունից դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ 
  • գիտական և հրապարակախոսական աշխատություններ 
  • պարբերական մամուլ 

Տպարանում լույս են տեսել բազմաթիվ հայ հեղինակների ստեղծագործություններ։ Դրանց թվում էին Ս. Տեր-Գասպարյանի, Դ. Չիլինկիրյանի, Մ. Մամուրյանի, Գ. Մսերյանի, Մ. Նուպարյանի, Մ. Միրզայանի և այլոց աշխատությունները։ Տետեյանների հրատարակչական գործունեության կարևոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ նրանք մեծ ուշադրություն էին դարձնում թարգմանական գրականությանը։ Եվրոպական հեղինակների ստեղծագործությունների թարգմանությունները հայ ընթերցողին հնարավորություն էին տալիս ծանոթանալու համաշխարհային գրականության լավագույն նմուշներին։ Տետեյան տպարանում հրատարակված բազմաթիվ գրքեր առաջին անգամ էին հայերեն թարգմանվում և այդպիսով մեծ դեր էին խաղում հայ մշակույթի զարգացման մեջ։

Պարբերական մամուլը Տետեյան տպարանում լույս են տեսել նաև մի շարք կարևոր պարբերականներ։ Դրանցից հատկապես նշանակալի էին «Արփի Արարատյան» հանդեսը «Ծաղիկ» հանդեսը «Արփի Արարատյան» պարբերականը դարձավ զմյուռնահայ մտավորականության կարևոր հարթակներից մեկը։ Այն նպաստեց ազգային մշակութային և գրական կյանքի աշխուժացմանը։ Տպարանում լույս են տեսել նաև այլ պարբերականներ, որոնցից է «Միություն» հանդեսը՝ «Հաշտենից ընկերության» պաշտոնական օրգանը։

Հասարակական գործունեությունը և «Հաշտենից ընկերությունը» 

Տետեյան եղբայրները կարևոր դեր են խաղացել նաև հասարակական և կրթական կյանքում։ 1859 թվականին Արամ Կարապետ և Տիգրան Հարություն Տետեյանների նախաձեռնությամբ հիմնադրվել է «Հաշտենից ընկերություն» կրթամշակութային կազմակերպությունը։ Այս նախաձեռնությանը մասնակցել են նաև Տ. Սավալանյանը, Գ. Կոստանյանը, Ս. Վանանդեցին և այլ մտավորականներ։ Ընկերության նպատակներն էին՝ վերահսկել ազգային վարժարանների գործունեությունը աջակցել որբ և անտեր երեխաների կրթությանը զարգացնել կրթական և լուսավորական գործունեությունը 1860 թվականին սկսեց հրատարակվել ընկերության պաշտոնական պարբերականը՝ «Միություն» կամ «Հանդես Հաշտենից»։ 

Միքայել Նալբանդյանի այցը Զմյուռնիա 

1861 թվականին Կալկաթայից վերադառնալիս հայ մեծ մտածող և հասարակական գործիչ Միքայել Նալբանդյանը կանգ է առել Զմյուռնիայում։ Նա հանդիպել է քաղաքի հայ մտավորականների հետ և այցելել Տետեյանների տպարանը։ Նալբանդյանը ծանոթացել է նաև «Հաշտենից ընկերության» գործունեությանը և նրա ղեկավարների հետ։ Զմյուռնիայում գտնվելու ընթացքում նա ներկա է եղել նաև «Վասպուրական» թատրոնում ներկայացված բեմադրությանը։ Այս այցը կարևոր իրադարձություն էր քաղաքի հայկական մշակութային կյանքի համար։ 

Տիգրան Հարություն Տետեյան 

Տիգրան Հարություն Տետեյանը (1832–1868) եղել է հրատարակիչ, լեզվաբան և թարգմանիչ։ Նա աշակերտել է նշանավոր մանկավարժ Ա. Փափազյանին և ուսումը շարունակել Տրիեստի Մխիթարյան վարժարանում։ Նա տիրապետում էր մի քանի օտար լեզուների և ակտիվորեն զբաղվում էր թարգմանական գործունեությամբ։ Նրա թարգմանությամբ հայերեն են լույս տեսել Ալեքսանդր Դյումայի, Ժան Բատիստ Մոլիերի, Քրիստոֆ Շմիդտի և այլ հեղինակների ստեղծագործություններ։ Տիգրան Տետեյանը կազմել է նաև կրթական ձեռնարկներ։ 1854 թվականին նա հրատարակել է «Այբբենարան», իսկ 1864 թվականին՝ «Ընթերցարան» աշխարհաբար լեզվով։ Նրա հեղինակությամբ է նաև «Քերականություն հայերեն լեզվի» աշխատությունը, որը լույս է տեսել 1870 թվականին։ Այն աշխարհաբարով գրված գրաբարի քերականություն է, որտեղ զուգահեռ ներկայացված են նաև արևմտահայերենի և թուրքերենի ձևաբանական առանձնահատկությունները։ 

Արամ Կարապետ Տետեյան 

Արամ Կարապետ Տետեյանը (1822–1901) եղել է հրատարակիչ, հրապարակագիր և թարգմանիչ։ Նա զբաղվել է գրական-հրատարակչական գործունեությամբ դեռևս 1853 թվականից։ Նրա «Բարեկենդանի անցաժամեր» աշխատությունը նվիրված էր հայկական ժողովրդական բանահյուսությանը՝ հանելուկներին, ռեբուսներին, բառախաղերին և առածներին։ Արամ Տետեյանը գրել է նաև երգիծական բանաստեղծություններ։ Նա մեծ դեր է ունեցել Շեքսպիրի ստեղծագործությունների հայերեն ներկայացման գործում։ Նրա թարգմանությամբ լույս են տեսել «Սխալների կատակերգություն» «Վենետիկի վաճառական» «Ռոմեո և Ջուլիետ» Նա նաև հայերեն է թարգմանել Մոլիերի «Տարտյուֆ» կատակերգությունը։ 

Հայկ Հակոբ Տետեյան 

Հայկ Հակոբ Տետեյանը XIX դարի թարգմանիչ և հրատարակիչ էր։ Նա համագործակցել է «Բուրաստան Ս. Սահակյան» և «Ծաղիկ» հանդեսների հետ։ Նրա թարգմանությամբ լույս են տեսել «Երեսուն երեք ծաղրաբանությունք Նասրեդդին խոշայի» Վիկտոր Հյուգոյի «Անշելո» դրաման Էժեն Սյուի «Փարիզի գաղտնիքները» վեպը Նա նաև հորինել և նոտագրել է զինվորական «Օսմանական քայլերգ»-ը («Մարշ Օսմանիե»)։ 

Ստեփան Տետեյան 

Ստեփան Տետեյանը (1823–1906) հասարակական գործիչ էր, որը կարևոր դեր է ունեցել Տետեյան տպարանի գործունեության կազմակերպման գործում։ Նա թարգմանել է Ժան Ժակ Ռուսոյի ստեղծագործություններից և նպաստել զմյուռնահայ գրողների գրքերի հրատարակմանը։ Ստեփան Տետեյանը զբաղեցրել է նաև մի շարք պատասխանատու պաշտոններ։ Նա աշխատել է Փարիզի և Լոնդոնի թուրքական դեսպանություններում որպես թարգմանիչ և եղել է Զմյուռնիայի գավառական ու քաղաքային ժողովների, տնտեսական և ուսումնական խորհուրդների անդամ։

Տետեյան եղբայրների գործունեությունը նշանակալի դեր է ունեցել XIX դարի հայ մշակութային կյանքի զարգացման մեջ։ Նրանց հիմնած տպարանը դարձավ արևմտահայ գրահրատարակչության կարևոր կենտրոններից մեկը և մեծապես նպաստեց ազգային գրականության, թարգմանական գործունեության և մամուլի զարգացմանը։ Տետեյան տպարանի շնորհիվ հայ ընթերցողը ծանոթացավ եվրոպական գրականության բազմաթիվ ստեղծագործությունների հետ, զարգացավ արևմտահայ գրական լեզուն և ձևավորվեց նոր մշակութային միջավայր։ Տետեյանների գործունեությունը ոչ միայն կարևոր էջ է հայ տպագրության պատմության մեջ, այլև արժեքավոր ներդրում հայ մշակույթի ընդհանուր զարգացման գործում։