Звоните
апр 16, 2025 Новости Официальные
Ապրիլի 15-ին Գրատպության թանգարանում տեղի ունեցավ «Գանձեր Հայաստանի ազգային գրադարանի. Հնատիպ գիրք» պատկերագրքի շնորհանդեսը։ Պատկերագիրքը նվիրված է Հայաստանի ազգային գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 105-ամյակին և ամփոփում է Գրադարանի հնատիպ գրքի (1512-1800) հավաքածուի 592 միավորների մատենագիտական նկարագրությունները, դրանց շքեղ գունավոր լուսանկարները։
Գիրքը տպագրվել է 2024 թվականին՝ ՀՀ Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհով, «Գիրք» հրատարակչությունում։ Գիրքը կազմել են Ալիսա Ադամյանը և Ռուզաննա Եգորյանը։ Ծանոթագրությունների հեղինակն է ՀԱԳ գիտական գծով փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը։ Թարգմանություն իրականացրել են ՀԱԳ Արտաքին կապերի բաժնի աշխատակիցներ Ջուլիա Աղաբեկյանը և Իդա Մարգարովան։ Լուսանկարների հեղինակներն են ՀԱԳ հանրային կապերի բաժնի աշխատակիցներ Արտյոմ Հակոբյանը և Մեսրոպ Մեսրոպյանը։ Գրքի ձևավորումը՝ Մկրտիչ Մաթևոսյանի։
Շնորհանդեսին բացման խոսք ասաց և ներկաներին ողջունեց պատկերագրքի գլխավոր խմբագիր, ՀԱԳ տնօրեն Աննա Չուլյանը։ - Ուզում եմ խոսել այն հսկայածավալ աշխատանքի մասին, որը մեկ տարվա ընթացքում կատարել է գրքի հեղինակային կազմը և շնորհակալություն հայտնել բոլորին։
Այս հրատարակությունը բացառիկ է նրանով, որ առաջին անգամ ներկայացրել ենք գրադարանում պահվող 592 անուն հնատիպ հրատարակությունների (գիրք, մամուլ, քարտեզ, հմայիլ) մատենագիտական նկարագրությունները հայերեն և անգլերեն լեզուներով, ինչը միջազգային տարբեր հարթակներում հայ գրքի ճշգրիտ նկարագրության և համապարփակ ներկայացման համար մեծ կարևորություն ունի։ «Շնորհավոում եմ բոլորիս այս կարևոր աշխատանքի համար։ Հույս ունեմ, որ հրատարակությունը շարունական կլինի։ Այն հրաշալի նվեր է ոչ միայն գիտական հասարակայնության, այլև յուրաքանչյուր ընթերցողի համար։ Մենք գրքի ժողովուրդ ենք, մեզ համար գիրքը տեսանելի մյուռոնն է, եթե մենք կապված ենք գրքին, մեր կյանքն անպայման օրհնված է լինում», ասաց գրքի գիտական խմբագիր Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
Անձեռնմխելի գրականության բաժնի վարիչ Ալիսա Ադամյանն իր խոսքում նշեց. -Պետք է սիրով հիշենք այն երջանկահիշատակ մատենագետներին, ովքեր կազմել են մինչ այս տպագրված հայ գրքի մատենագիտությունները. դրանք մեր սեղանի դասագրքերն են եղել։ Նրանց կատարած աշխատանքից այսօր էլ օգտվում ենք գրեթե ամեն օր։
«Գանձեր Հայաստանի ազգային գրադարանի. Հնատիպ գիրք» պատկերագրքի կարևորության մասին խոսեց նաև հայագետ, մատենագետ, թարգմանիչ Միհրան Մինասյանը։ -Պատկերագրքի կարևոր առանձնահատություններից մեկն էլ այն է, որ մատենագիտական նկարագրությունները և ծանոթագրությունները ուղեկցվում են գրքերի ֆիզիկական պատկերներով, ինչը թույլ է տալիս հետևել հայ գրքարվեստի զարգացման ուղուն՝ տպագրական տեխնիկային, ձևավորման և նկարազարդման արվեստին և գեղարվեստական առանձնահատկություններին։ Հայկական տպագրական ավանդույթը սոսկ պատմական արժեք չէ, այլ՝ կենսունակ մշակույթ, որն իր նպաստն է բերում համաշխարհային գրականությանն ու գիտությանը: