Звоните
май 01, 2025 Новости Официальные
Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կենտրոնների գործունեությունը, համատեղ ցուցահանդեսները և փառատոները վկայում են այն մասին, որ մշակույթը դարձել է երկու երկրների միջև երկխոսության առանցքային տարր, և գրադարանները, որպես գիտելիքի և մշակույթի պահպանման կենտրոններ, այսօր ստանձնել են այդ երկխոսության ամրապնդման առաքելությունը։ Ազգային գրադարանի հավաքածուներում պահվում են բազմաթիվ արժեքավոր փաստաթղթեր, գրքեր և ձեռագրեր, որոնք հայ-ֆրանսիական մշակութային կապերի կենդանի վկայությունն են։ Ապրիլի 28-ին ՀԱԳ թամանյանական մեծ դահլիճում մեկնարկց «Ֆրանսիա-Հայաստան. Պատմական և մշակութային երկխոսություն» միջազգային գիտաժողովը։ ✅Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի ողջույնի խոսքից հետո ելույթով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Գիտաժողովի կազմակերպման կարևորության մասին խոսեց և ներկաներին ողջունեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Դըկոտինյի Օլիվիեն։ -Ազգային գրադարաններն այսօր գործում են որպես մշակութային կամուրջներ՝ խորացնելով երկրների միջև կապերը: Քանի որ աշխարհն ավելի ու ավելի փոխկապակցված է դառնում, հայ-ֆրանսիական գրադարանային գործակցության ապագան խոստանում է հետաքրքիր զարգացումներ մշակութային ժառանգության պահպանման և տարածման գործում՝ կարևորելով նշանակությունը երկու ազգերի համար և դրանց ազդեցությունը գլոբալ մշակութային դիվանագիտության վրա: - Նշեց Աննա Չուլյանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում նշեց, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները բացառիկ են պատմական, քաղաքական և մշակութային կապերի առումով: «Այսօր հայ-ֆրանսիական համագործակցությունը ընդգրկում է կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության և քաղաքականության բազմաթիվ ոլորտներ։ Հատկանշական է, որ գիտաժողովն անցկացվում է Հայաստանի ազգային գրադարանում և եզրափակում և Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակը։ Գրադարաններն ու գիտական հաստատությունները մշտապես եղել են մշակութային եկրխոսության կարևոր հարթակներ։ Մեզ սպասում են բովանդակալից քննարկումներ և արժեքավոր զեկույցներ, որոնք կխորացնեն հայ-ֆրանսիական հարաբերությունների գիտական ուսումնասիրությունը և կխթանեն մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդումը»։- Հավելեց նախարարը։ Ֆրանսիայի ազգային գրադարանի նախագահ Ժիլ Պեկուն ևս ողջունեց ներկաներին և անդրադարձավ ֆրանս-հայկական հարաբերություններին և «Արﬔնոֆիլ» շարժման պատմությանը, ապա ներկայացրեց Ֆրանսիայի ազգային գրադարանի հայկական հավաքածուների բազմազանությանն ու դրանց նշանակությունը երկկողմ համագործակցության գործում: Ժիլ Պեկուն ներկայացրեց է նաև Ֆրանսիայի ազգային գրադարանի և հայկական հաստատությունների միջև մշակութային ժառանգության և գիտական համագործակցության հեռանկարները։
-Ֆրանսիայի ազգային գրադարանն ունի հարուստ և բազմազան հայկական ժառանգություն. 350 ձեռագրեր, 16-18-րդ դդ․ 400 հայկական տպագիր աշխատությունների ժողովածու, մենագրությունների, պարբերականների ժողովածո, ինչպես նաև հնատիպ քարտեզներ, լուսանկարներ, հին և միջնադարյան մետաղադրամներ։ Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի ազգային գրադարանում պահպանվում է ավելի քան 1000 հայերեն հատորներ։-Հավելեց բանախոսը։ Ֆրանսիայի ազգային ժառանգության ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնան հանդես եկավ «Մշակութային ժառանգության պահպանման ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության հինգ տարիները» թեմայով զեկույցով; Գիտաժողովի պատվավոր հյուրերից էր նաև Ֆրանսիայի Ռոմանի շրջանի Երաժշտության և պարի ազգային դպրոցի տնօրեն, Ստեփան Էլմասի հիմնադրամի և Դրոմի շրջանի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ալեքսանդր Սիրանոսյանը։ Համալսարանի պրոֆեսոր, Խարտիայի ազգային (ENC)-PSL դպրոցի տնօրեն, արխիվագետ-հնագետ և միջնադարյան պատմության մասնագետ Միշել Բուբենիսեկը խոսելով Խարտիայի ազգային դպրոցի մասին, նշեց, որ այն այսօր պատրաստում է արխիվագիտության և գրադարանագիտության ոլորտների մասնագետներ՝ համապատասխանեցնելով ուսուցումը ժառանգության հաստատությունների փոփոխություններին:
Գիտաժողովին մասնակցեց և Ֆրանսիայի ազգային գրադարանի հայերեն ձեռագրերի և արխիվների մշակման մասին խոսեց հնագրագիտության և համակարգչային նշաճանաչման մասնագետ Շահան Վիդալ-Գորենը: Նա Փարիզի գիտությունների և գրականության համալսարանի Խարտիայի ազգային դպրոցի «Կալֆա» տեխնոլոգիական կենտրոնի նախագահն ու հիմնադիրն է, որը մասնա- գիտացած է արհեստական բանականության և ժառանգության պահպանման ոլորտում, ներգրավված է հայկական ռեսուրսների թվայնացման բազմաթիվ նախագծերում։ «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը, ի դեմս տնօրեն Աննա Չուլյանի, համագործակցության հուշագրեր ստորագրեց Ֆրանսիայի ազգային գրադարանի (Ժիլ Պեկու, Ֆրանսիայի ազգային գրադարանի նախագահ), Խարտիայի ազգային դպրոցի (Միշել Բուբենիսեկ, համալսարանի պրոֆեսոր, Խարտիայի ազգային (ENC)-PSL դպրոցի տնօրեն), ինչպես նաև «Կալֆա» ժամանակակից տեխնոլոգիաների ֆրանսիական կազմակերպության (Շահան Վիդալ-Գորեն, կենտրոնի հիմնադիր-նախագահ) հետ: Գիտաժողովին մասնակցում էին նաև Լիոնի կաթոլիկ համալսարանի դասախոս, պատմաբան և հայագետ Մաքսիմ Եվադյանը, Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի (INALCO) դասախոս, արվեստի պատմաբան, դոցենտ Աննա Լեյլոյան-Եկմալյանը, հասարակական գործիչ, բազմաթիվ «Europe & Orient» աշխարհաքաղաքական պարբերականի տնօրենն է և «Editions Sigest» հրատարակչության կողմից լույս ընծայված մի շարք գրքերի հեղինակ Վարուժան Սիրափյանը և այլոք։
Հայաստանից գիտաժողովին մասնակցեցին և ելույթներով ներկայացան մշակութային մի շարք գործիչներ՝ հրատարակիչներ, խմբագիրներ, պատմաբաններ, գրականագետներ, լեզվաբաններ, կինոգետներ, երաժշտագետներ, հայագետներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Տես՝ Գիտաժողովի նյութերի ժողովածուում։ https://is.gd/A50BCv Գրադարանի մեծ ցուցասրահում առաջին անգամ ներկայացված էին ՀԱԳ անձեռնմխելի գրականության բաժնի՝ Ֆրանսիայում հրատարակված հայերեն և ֆրանսերեն հնատիպ գրականության և մամուլի բացառիկ նմուշներ:
Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնում պահպանվում է 2692 միավոր ֆրանսերեն գրականություն, որից մի փոքր մաս ցուցադրված է մեծ ցուցասրահում։ Ցուցադրված ամենահին ֆրանսերեն գիրքը «ZONORAS JEAN» (LES HISTOIRES ET CRONIQUES DU MONDE. - PARIS: PIERRE L' HUILLIER։ 1583, 989 p.) գիրքն է։ Հավաքածուում մեծ թիվ են կազմում բառարանները, հանրագիտարանները պատմական և ճանապարհորդական աշխատություններ:
Հավաքածուում պահպանվող ֆրանսերեն ամենավաղ ժամանակաշրջանի գիրքը 1552թ. Փարիզում հրատարակված «Համընդհանուր տիեզերագնացություն» գիրքին է: 1739 թվականին Նիդեռլանդների Հաագա քաղաքում տպագրված Եթովպիացիների և հայերի քրիստոնեության պատմությունը ևս ցուցադրված գրքերի ցանկում էին։ 1702թ. Փարիզում տպագրված Ֆրենսիս Բեկոնի «Նոր Ատլատիդա» աշխատությունը, Դենի Դիդրոյի «Հանրագիտարան»-ի 4-րդ հատորը՝ տպագրված Փարիզում 1754 թվականին, Պլուտարքոսի 1787-ին տպագրված ստեղծագործությունները ևս ներառված էին ցուցադրվող գրականության մեջ։
Երկօրյա գիտաժողովի ընթացքում առանձին ցուցասրահում տեղի ունեցավ հայաստանյան հրատարակչությունների (Antares Media Holding Newmag «Անկյունաքար» հրատարակչություն "Ankyunacar" Publishing Էդիթ Պրինտ հրատարակչություն/Edit Print Publishing House Ակտուալ արվեստ հրատարակչություն /actual art publishing house Filmadaran Film Culture Development NGO «Նահապետ») գրքերի ցուցահանդես, որտեղ ներկայացված են հայ-ֆրանսիական փոխառնչություններին նվիրված հրատարակություններ, ֆրանսիական գրականության թարգմանություններ և այլն։ Գիտաժողովի հանդիսավոր փակումը տեղի ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Գիտաժողովի փակմանը հաջորդեց «Վերադարձ դեպի «Տիգրանի մետամորֆոզները»» համերգային ծրագիրը: Հնչեցին հատվածներ արևմտաեվրոպացի կոմպոզիտորների օպերաներից, որոնք առնչվում են հայոց պատմությանն ու մշակույթին: Համերգային ծրագիրը նվիրված է գիտաժողովի պատվավոր բանախոս Ալեքսանդր Սիրանոսյանին, ով հեղինակել է հայկական թեմաներով եվրոպական օպերաներին նվիրված հրատարակությունը (Les métamorphoses de Tigrane / Alexandre Siranossian; avec la collaboration de Maxime K. Yevadian; préface de Reinhard Goebel. - Lyon: Sources d'Arménie, 2014)։ Գիտաժողովը եզրափակեց Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակը: